Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը
Մայիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը, որին մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող 225 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ:
Առավոտյան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, հոգևորականները Սուրբ Գայանե վանքում մասնակցեցին Գիշերային ժամերգությանը:
Ժողովը բացվեց կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով: Սրբազան Հայրը քահանայից դասին մաղթեց Ավարայրի, Սարդարապատի, հայոց պետականության զորացման ու պայծառացման տեսլականով առաջ ընթանալ՝ արձանագրելով նորանոր հաջողություններ հովվական առաքելության մեջ:
Այնուհետև «Քահանա-անհատ ճանաչողության և հարաբերության հարց» թեմայի շուրջ բանախոսությամբ հանդես եկավ Քահանայից ժողովի գործադիր մարմնի անդամ Արժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը (Արարատյան հայրապետական թեմ): Բանախոսությանը հաջորդած քննարկման ընթացքում ժողովականները ընդգծեցին հովվական կյանքում հոգևոր խնամքի կարևորությունը՝ հիմնված հովվի հոգևոր փորձառության, ամուր հավատքի, անսակարկ սիրո և նվիրումի վրա: Քահանա-անհատ ճանաչողության պարագային շահեկան նկատվեցին ծխական համակարգի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Ժողովի երկրորդ զեկույցը «Խոստովանության և խոստովանահոր շիտակ ընկալումը Հայոց Եկեղեցում» թեմայով ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Նյութի շուրջ Հայր Սուրբը հայ եկեղեցական մատենագրությունից և կանոնագրքերից քաղված տեղեկություններ փոխանցեց` անդրադարձ կատարելով նաև այլ Եկեղեցիների փորձառությանը: Ծավալված քննարկման ընթացքում քահանա հայրերը խնդրի առնչությամբ ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու հովվական փորձառությունը:
Ժողովը եզրափակվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Հայոց Հովվապետն իր գնահատանքը հայտնեց ժողովի մասնակից եկեղեցականներին իրենց նվիրյալ ծառայության համար: «Մենք միշտ հպարտ ենք մեր եկեղեցականներով: …Այն աշխատանքը, որ նրանք իրականացնում են, իրականացնում են ամբողջական պատասխանատվությամբ, առաջին հերթին` հավատքով, աստվածսիրությամբ և ազգասիրությամբ, գիտակից, որ իրենց առաքելությունը պայմանավորում է աստվածսիրությունն ու հայրենասիրությունը հայ հավատացյալի՝ արժեքներ, որոնցով հարատևել է մեր ժողովուրդը, պահպանվել է մեր երկիրը, որոնցով այսօր մենք ունենք անկախ պետականություն», - ասաց Վեհափառ Հայրապետը` պատգամելով դժվարությունների առջև չընկրկել, միասնաբար ջանալ հաղթահարել դրանք և անշեղ ընթանալ այդ ճանապարհով, նույն քաջարի ոգով, ամբողջական պատասխանատվությամբ շարունակել իրենց ծառայությունը հայ ժողովրդի կյանքում:
Անդրադարձ կատարելով մայիսյան հերոսամարտերին և տիրող հաղթական մթնոլորտին` Նորին Սրբությունը խոսեց նաև մեր ժողովրդի դավանած արժեքների անխաթար պահպանության անհրաժեշտության մասին` դրանում կարևորելով Հայոց Եկեղեցու և հայ հոգևորականի դերակատարությունը: «Մենք՝ իբրև եկեղեցականներ, պետք է ամրորեն, հաստատուն կերպով, քաջաբար պաշտպանենք հոգևոր, բարոյական մեր արժեքները, որոնք առանցքն են մեր ինքնության, որոնց շնորհիվ հարատևել ենք դարերի մեջ, դիմակայել ամեն տեսակ փորձությունների, փրկության առաջնորդել մեր ժողովրդին և կերտել անկախ պետականություն»,- ընդգծեց Հայոց Հովվապետը:
Վերջում Նորին Սրբությունը շնորհավորեց եկեղեցականներին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրվա առիթով՝ իր տոնական բարեմաղթանքները փոխանցելով ամենքին:
Հայրական իր օրհնությունը բերելով հոգևոր դասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև մաղթեց Աստծո զորակցությամբ աննկուն մնալ հավատքի մեջ, հավատարիմ` Երկնավոր Տիրոջ ու սուրբ հայրերի սահմանած ուղուն: Նորին Սրբությունն աղոթեց հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար:
Ժողովի ավարտին հոգևորականաց դասը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Երեկոյան ժամերգությանը: