Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի պաշտպանություն
Հոկտեմբերի 28-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն:
Մասնավոր վարդապետական աստիճան ստանալու համար թեզ պաշտպանեց Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Պողոս աբեղա Վարդանյանը՝ «Եպիսկոպոսական իշխանությունը Հայոց Եկեղեցում» թեմայով:
Հանձնաժողովը նախագահում էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկված էին նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ու Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ․ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Պաշտպանության ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկայացրեց իր վարդապետական թեզը, պատասխանեց հանձնաժողովի անդամների ու ներկաների հարցերին:
Հավարտ բանավոր պաշտպանության՝ քննիչ հանձնախումբը դրական եզրակացություն տվեց վարդապետական թեզի պաշտպանությանը և արժանի համարեց Հոգեշնորհ Տ. Պողոս աբեղա Վարդանյանին ներկայացնելու մասնավոր վարդապետության աստիճանի տվչության։
Առաջիկա օրերին, ձևավորված ավանդության համաձայն, Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի մասնավոր վարդապետական աստիճանի տվչության հատուկ արարողություն: