Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսությունը
Հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հադիսավոր արարողությունը: Պատվավոր մրցանակն այս տարի շնորհվեց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայ Եկեղեցու շքանշանակիր Տիգրան Մանսուրյանին:
Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին ողջունեց կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը: Վերջինս հաստատեց, որ կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ է, որ «Եղիցի լույս» մրցանակբաշխության միասնական գեղարվեստական խորհուրդը միաձայն ընտրել է Տիգրան Մանսուրյանին: Շնորհավորելով մաեստրոյին` նա նշեց, որ կարևոր և պատվավոր այս մրցանակը հանձնվում է մի մարդու, ով իր մեջ կրում է հոգևորը, լուսավորն ու հանճարը:
Այնուհետև ներկաներին ողջունեց ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Մշակույթի նախարարն անդրադարձ կատարեց այն փաստին, որ հայ մշակույթը իր պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ վերազարթոնքի և վերածնման առիթներ է ունեցել: Հիշելով մաեստրո Մասուրյանի ասած խոսքը, թե «Մենք այդպես էլ չկարողացանք մոտենալ և վերցնել Կոմիտասի նետած ձեռնոցը: Ես շատ անհանգիստ եմ, երանի եկող սերունդները նույն քան անհագիստ լինեն»` պրն. Արմեն Ամիրյանը նշեց. «Այսօր ճիշտ նույն պատասխանատվությամբ, սիրելի մաեստրո, ինչպես դուք եք վերաբերվում հայ երաժշտությանը, նույն պատասխանատվությամբ մենք ուզում ենք փաստել, որ դուք արժանի եք այս մրցանակին և ընդհանրապես հայ ժողովրդի սիրուն և խոնարհմանը: Թույլ տվեք Ձեզ ասել շնորհակալություն և խոնարհվել ձեր տեսակի և ձեր ստեղծած արվեստի առջև»:
Ապա Մայր Աթոռի Հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ընթերցեց Հայրապետական վկայագիրը, որում ի մասնավորի ասված է. «Հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում մեծ վաստակի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի առիթով շնորհում ենք հայ ժողովրդի տաղանդաշատ զավակ, կոմպոզիտոր տիար Տիգրան Մանսուրյանին»: Ապա ներկաների ծափողջույնների ներքո պատվավոր մրցանակը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հանձնեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանին:
Ցերեկույթի ընթացքում հոգևոր և ազգային երգերի կատարումներով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի «Էջմիածին» երգչախումբը:
Իր սրտի խոսքը ներկաներին փոխանցեց պրն. Մանսուրյանը: «Ես խորապես զգացված եմ այս ուշադրության համար, որ, ահավասիկ, այս բարձր պարգևի ձևով ինձ է տրվում գոյացած երկու աղբյուրներից՝ մեկը` իմ պաշտելի Էջմիածնից` Եկեղեցուց, Վեհափառի կողմից, որի ուշադրությունը ես մշտապես տարիներ շարունակ վայելել և վայելում եմ, մյուսը` «Ոսկե ծիրան» փառատոնի կողմից», - ասաց մաեստրո Մանսուրյանը` իր խոսքում մասնավորապես անդրադառնալով Կոմիտասի կերպարին Էջմիածնական դպրոցում և նրա կարևոր դերակատարությանը հայ մշակույթում: «Ինձ համար Էջմիածինը, որի ժառանգն եմ համարում ինքս ինձ իմ հոգևոր հայրեր Արամ Խաչատուրյանի, Փարաջանովի, Դանիել Վարուժանի, Վահան Տերյանի կողքին, ինձ համար առանձնահատուկ է Կոմիտասը, որը Էջմիածնական դպրոցի մեծագույն հիմքերից մեկն է իմ կյանքում: Եվ քանի որ Կոմիտաս, ուրեմն նախևառաջ` ճիշտ հիմնավորումը. նա եղավ նորագույն շրջանի կոմպոզիտորական հիմքը: Եվ եթե այսօր մենք կանք մեր Կոնսերվատորիայով, մեր երգչախմբերով ու նվագախմբերով, կանք Կոմիտասի կողմից հիմնած դպրոցի արդյունքում» ,- ընդգծեց հռչակավոր կոմպոզիտորը:
Հանդիսության ավարտին ներկաներին իր օրհնությունը բերեց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Անդրադառնալով մեծարյալի կերպարին` Նաթան Սրբազանն ընդգծեց, որ իր սերնդի համար Տիգրան Մանսուրյանը եղել է օրհնություն և ամենկարևորը՝ հույսի և ազատախոհության հիմք և սատարող:
«Տիգրան Մանսուրյանն իր արվեստով ապացուցեց, որ ոչ միայն բարձրագույն արվեստ, այլ ժողովրդի հոգուն խոսող երաժշտություն կարող է ստեղծել, որ ժամանակների մեջ երբեք չի մաշվում և հոգիներից դուրս չի գալիս: …Տիգրան Մանսուրյանը ոչ միայն մեծ կոմպոզիտոր է, այլև քաջ անձնավորություն և շատ սերունդների համար նմանվելու խորհուրդ», - ասաց Նաթան արքեպիսկոպոսը` նշելով, որ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի այս պատվական մրցանակը տրվում է մի անձնավորության, ով հայկականության ժամանակակից մտածելակերպի և նոր հայրենասիրության խորհրդանիշ է:
Սրբազանը երկար արևշատ կյանքի օրեր և բեղուն տարիներ մաղթեց վարպետին, որպեսզի իր հոգու երաժշտության արդյունքը նորանոր սերունդներին հասցնի: