Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կբացվի Երուսաղեմի Պալյան ընտանիքի 100-ամյա ժառանգությանը նվիրված բացառիկ ցուցահանդես
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանու ներքո և կազմակերպությամբ Երուսաղեմի Պալյան նշանավոր ընտանիքի, սեպտեմբերի 28-ին, ժամը 19:30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի ցուցասրահում կբացվի «Կուտինայից Երուսաղեմ. Հախճապակու վարպետության 100-ամյա ճամբորդություն» խորագրով բացառիկ ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը նվիրված է Երուսաղեմի Պալյան ընտանիքի ավանդական գործին՝Երուսաղեմում հայկական հախճապակիի հիմնման 100-ամյակին, որ լրանում է այս տարի՝ 2019 թ.-ին: Ցուցահանդեսն ամբողջական պատկերացում կտա Պալյանների անցած ճանապարհի և Երուսաղեմի հայկական հախճապակու ավանդության մասին, ինչպես նաև ցույց կտա այն ընտանեկան ժառանգությունը, որ այսօր հավատարմորեն պահում են Պալյանների սերունդները՝ այն հասցնելով մինչև Հայաստան:
Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվի նաև Ֆրանսիայից Երուսաղեմ գնացած ինքնատիպ նկարչուհի Մարի Պալյանի (մահացել է 2017-ին) գործունեությունը, որի շնորհիվ Պալյանների ավանդական գործը գեղագիտական նոր շունչ է ստացել:
…1919 թվականին անգլիացիները Կոմիտասի Վարդապետի ծննդավայր Կուտինայի նշանավոր հախճախպակիի արվեստին տիրապետող երեք հայ ընտանիքի փոխադրել են Երուսաղեմ՝ իսլամական «Ժայռի գմբեթ» սրբավայրի շրջակայքի սալիկները նորոգելու համար: Նրանց մեջ է եղել նաև Նշան Պալյանը, որի ընտանիքի անվան հետ է այսօր կապվում Սուրբ քաղաքի կապույտ հմայքի առեղծվածը: