Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց դիվանատան շենքի հիմնարկեք
Հոկտեմբերի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Մայր Աթոռի դիվանատան շենքի հիմնարկեքը, որ կառուցվում է ամերիկաբնակ տեր եւ տիկին Նազար եւ Արտեմիս Նազարյանների ազնիվ բարերարությամբ: Շենքը նախագծել է ամերիկաբնակ մեծանուն ճարտարապետ Արմանդ Ավագյանը: Դիվանատան նոր շենքում տեղակայվելու են կաթողիկոսական գրասենյակները եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսության արխիվը:
Հանդիսավոր արարողության ընթացքում Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպս. Խաչատրյանն ընթերցեց շենքի հիմնադրման հիշատակագիրը, որը Նորին Սրբությունը զետեղեց շենքի հիմքում:
Ավարտին հիմնարկեքի առիթով, Ամենայն Հայոց Հայրապետին շնորհավորեց Տ. Տաթեւ արք. Սարգսյանը` նշելով, որ այս կառույցը, ուր պիտի արձանագրվի եւ պահպանվի մեր եկեղեցու պատմությունը, Վեհափառի իրագործումների մեջ կարեւոր տեղ է գրավում ոչ միայն ներկայի, այլեւ ապագայի առումով:
Արարողությանը մասնակից հայորդիներին իր օրհնության խոսքն ու պատգամն ուղղեց նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ այս շինությամբ հնարավորություն է ընձեռվում հասարակական ու ազգային կյանքում, միջեկեղեցական, պետական ոլորտներում առավել ամբողջական եւ արդյունավետ կերպով կազմակերպել եւ իրականացնել Հայ եկեղեցու առաքելությունը ի փառս եւ ի շինություն ժողովրդի:
«Մենք վերստին փառք եւ գոհություն ենք առ Աստված բարձրացնում, որ առաջնորդում է մեր Եկեղեցու կյանքը դեպի նոր իրագործումներ ի ծառայություն հավատավոր մեր զավակների: Թող Տերը իր աջը հովանի դարձնի հայոց աշխարհի վրա, պահի եւ պահպանի ազգս հայոց սիրո եւ միաբանության մեջ եւ զորացնի մեր մեջ հավատքը եւ ծառայասիրության ոգին` անմնացորդ ու անսակարկ նվիրումով բերելու մեր ծառայությունը` որպես 1700-ամյա փառքի պատմություն կերտած Հայ Եկեղեցու արժանի սպասավորներ»,- ասաց Նորին Սրբությունը` իր գնահատանքը հայտնելով բարերարներին, շինարարներին ու բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ կառուցվում է այս նոր շենքը: