Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցավ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանի շնորհանդեսը

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցավ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանի շնորհանդեսը 13.04.2002

 

Ապրիլի 12-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանի շնորհանդեսը։
Աննախադեպ այս հրատարակությունը շուրջ 10-ամյա աշխատանքի արդյունք է, որի մտահղացումը պատկանում էր երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետին եւ «Հայկական հանրագիտարանի» գլխավոր խմբագիր՝ լուսահոգի Կոստանդին Խուդավերդյանին։ Հայոց մեծ դարձի 1700-ամյակին նվիրված հանրագիտարանի լույս ընծայումն իրականություն դարձավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի անմիջական հոգածությամբ, լիբանանահայ բարերարներ տեր եւ տիկին Ժիրայր եւ Հասմիկ Գաբրիելյանների մեկենասությամբ եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի աջակցությամբ։

Ստվարածավալ հատորյակում ամփոփված 1000-ից ավելի հոդվածներում համապարփակ ներկայացված են Հայ Առաքելական Եկեղեցու պատմությունը, նվիրապետությունը, դավանանքը, ծեսերը, տոները, հարաբերությունները քույր եկեղեցիների հետ, ինչպես նաեւ Հայ եկեղեցու պատմությանն առնչվող հոգեւոր ու մշակութային բազմաթիվ նյութեր։

Հանդիսության ընթացքում Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը հղեց բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել արժեքավոր հրատարակության լույս ընծայման գործում։ Շնորհավորանքի եւ երախտիքի խոսք ասացին հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը եւ Տ. Շահե արք. Աճեմյանը։

Շնորհանդեսի ավարտին «Էջմիածին ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո դահլիճ բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որով Հայ եկեղեցու «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշան շնորհվեց տիար Վլադիմիր Մովսիսյանին՝ Մայր Եկեղեցուն եւ ժողովրդին մատուցած բազմաթիվ ծառայությունների համար։ Հայրապետական կոնդակով բարձր է գնահատվում պրն. Մովսիսյանի վաստակը երկրի զորացման գործում եւ նրա առ Աստուած ունեցած հավատը, որի արտահայտությունն է իր հովանավորությամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ մատուռը։