Մայր Աթոռ Սբ. Էջմիածին կժամանեն Ղպտի Ուղղափառ Եկեղեցու եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցու հովվապետերը
Մայիսի 2-5-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Տաճարի օծման 1700-ամյակի առիթով Մայր Աթոռ Սբ. Էջմիածին կժամանի Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ, Ալեքսանդրիայի Պապ եւ Սբ. Մարկոսի Աթոռի գահակալ Նորին Սրբություն Շենուդա Գ-ի գլխավորած պատվիրակությունը:
Մայիսի 7-9-ը Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը կհյուրընկալի Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու պետ, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Նորին Սրբություն Իլիա Բ-ին:
Այցելությունների ընթացքում քույր եկեղեցիների հովվապետերն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կայցելեն հայոց եկեղեցիներ, կմասնակցեն եկեղեցական արարողությունների: Ղպտի եւ Վրաց եկեղեցիների պետերը հանդիպումներ կունենան ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հետ: Նախատեսվում են նաեւ այցելություններ Ծիծեռնակաբերդ եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա:
Եռօրյա այցի ընթացքում Շենուդա Գ պատրիարքը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում կմասնակցի նաեւ Սբ. Պատարագի, դասախոսությամբ հանդես կգա Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: