Մայր Աթոռ Սբ. Էջմիածին այցելեց Ռուսաստանի առաջին տիկինը
Ապրիլի 27-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածին այցելեց Ռուսաստանի Դաշնության առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան` ՀՀ առաջին տիկին Բելա Քոչարյանի ուղեկցությամբ: Հյուրերը նախ այցելեցին Մայր Տաճար, ապա ուղղվեցին դեպի Վեհարան: Վեհարանի մուտքին հյուրերին դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշեց երկու երկրների միջեւ բարեկամական ջերմ հարաբերությունները եւ ուրախություն հայտնեց, որ ռուս-հայկական դարավոր կապերի ամրապնդմանն իրենց նպաստն են բերում նաեւ երկու երկրների առաջին տիկնայք` կրթական ու մշակութային տարբեր ձեռնարկներով: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ Հայ եկեղեցու պատմությանն ու Հայ եւ Ռուս եկեղեցիների միջեւ առկա եղբայրական կապերին:
Հանդիպմանը ներկա էին նաեւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, երկու երկրների դեսպանները, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Հանդիպման ավարտին Հայոց Հայրապետի ուղեկցությամբ հյուրերը եղան Վեհարանի թանգարանում, ապա` Նորին Սրբության կողմից տրվեց ճաշ` ի պատիվ տիկին Պուտինայի: