Մայր Աթոռում տեղի ունեցավ «Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ և հեռանկարներ» միջազգային համաժողովը
Հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նախաձեռնությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, տեղի ունեցավ «Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ և հեռանկարներ» խորագրով միջազգային համաժողովը:
Տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղիների որոնմանը նվիրված համաժողովը վարեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն, Կլոր Սեղանի հոգաբարձուների խորհրդի անդամ Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը, Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանն ու «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:
Համաժողովին մասնակցում էին հասարակական գործիչներ, վերլուծաբաններ, լրագրողներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Վրաստանից, Թուրքիայից և Իրանից:
Համաժողովը բացվեց Վահրամ քահանա Մելիքյանի խոսքով: Այնուհետև ներկաներին ողջունեցին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ուղերձը ներկայացրեց դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Վասիլևը: Ողջույնի խոսք ասաց նաև Երևանի Կապույտ մզկիթի հավաքական աղոթքի իմամ Ալի Շաջաանը:
Նիստերի ընթացքում «Կրոնների և մշակույթների դերը խաղաղության և համագործակցության հաստատման գործընթացում» թեմայի վերաբերյալ ելույթներ ունեցան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապեության դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին:
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը և Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը բանախոսեցին «Հայաստան և հարևաններ. հարաբերությունների զարգացման տեսլական» նյութի շուրջ:
Համաժողովի վերջին նիստին տարածաշրջանային բազմազանության, առկա մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Թուրքիայից ժամանած մարդաբան Ադնան Չելիքը և լրագրող Սերդար Քորուջուն, Վրաստանի տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին, Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտից քաղաքագետ Յանա Ամելինան, Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը և Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը: