Մայր Աթոռում Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Մարտի 3-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:
Ժողովին հրավիրված էր մասնակցելու նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը։
Ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։
Ողջունելով աշխարհի տարբեր երկրներից և Հայաստանից ԳՀԽ հոգևորական և աշխարհական անդամների մասնակցությունը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին` Նորին Սրբությունն ուրախությամբ ընդգծեց, որ պատրիարքի հանգամանքի մեջ առաջին անգամ լինելով՝ ԳՀԽ ժողովին իր մասնակցությունն է բերում Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս առիթով Հայոց Հովվապետն իր բարեմաղթանքներն ուղղեց Կ․ Պոլսի Պատրիարքին՝ հայցելով Տիրոջ օգնականությունն ու զորակցությունը վերջինիս առաքելության արդյունավոր իրականացման, Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքական Աթոռի պայծառության և պոլսահայության հոգևոր կյանքի շինության համար։
Վեհափառ Հայրապետը ողջունեց նաև ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի մասնակցությունը ժողովին՝ գոհունակությամբ հաստատելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը ՀԲԸՄ կողմից մշտապես ցուցաբերվող զորակցությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց ժողովի ընդարձակ օրակարգում ընդգրկված հարցերին, որոնք առնչվում են ներեկեղեցական կյանքին և Հայոց Եկեղեցուն ու ժողովրդին հուզող զանազան խնդիրներին:
Նորին Սրբությունը, իր գնահատանքը հայտնելով ԳՀԽ անդամներին Սուրբ Եկեղեցուն բերվող օգտակար ծառայության համար, հայցեց Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։
Քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված են Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպական աշխատանքների, Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքի, այդ առիթով կազմակերպված համազգային հանգանակության, ինչպես նաև Հայոց Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին և կրթական ու սոցիալական առաքելությանն առնչվող հարցեր:
Գերագույն հոգևոր խորհրդին կներկայացվի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2019 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն հոգևոր-վարչական գործունեության զեկույցը, ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը: