Մայր Աթոռում Ոտնլվան կատարեց Գարեգին Բ Կաթողիկոսը
Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, տեղեկատվական համակարգ, 28 մարտի , 2002թ.-
Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Հայոց եկեղեցիներում սկսվեցին Ավագ Շաբաթվա գլխավոր արարողությունները։
Ավագ Հինգշաբթի առավոտյան Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Մայր Տաճարում՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի եւ հաղորդության խորհրդի հաստատ-ման, մատուցվեց Սբ. Պատարագ։ Սրբազան արարողության ընթացքում հաղորդություն ստացան բազմաթիվ հավատացյալներ։ Պատարագիչն էր Տ. Արտակ վարդապետ Տիգրանյանը։
Հետմիջօրեին ձեռամբ Ն.Ս.0.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի կատարվեց Ոտնլվայի արարողությունը։
Սուրբգրային ընթերցումներից հետո Վեհափառ Հայրապետը խաչով ու Ավետարանով օրհնեց ջուրը եւ յուղը։ Ապա՝ ծնկի գալով լվաց ու յուղով օծեց 12 դպիրների ոտքերը։ Արարողությունն ավարտվեց ավետարանական ընթերցմամբ, որով մեկ անգամ եւս հիշատակվում էր Հիսուսի ձեռքով Իր աշակերտների ոտնլվան։
Արարողությունից հետո հավատացյալներին բաժանվեց օրհնված յուղ։ Ըստ սովորույթին, հավատացյալներն այն գործածում են հիվանդությունների ժամանակ եւ կամ խառնում են տանն ունեցած յուղին։