Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի սաները հաղթանակ տարան մինիֆուտբոլի 16-րդ միջազգային մրցաշարում

Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի սաները հաղթանակ տարան մինիֆուտբոլի 16-րդ միջազգային մրցաշարում 10.12.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի` մինի-ֆուտբոլի հավաքական թիմը 2019 թվականի դեկտեմբերի 4-ից 9-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցեց մինիֆուտբոլի 16-րդ միջազգային մրցաշարին։

Դեկտեմբերի 4-ին երիտասարդ մարզիկները, մարզիչ Անդրանիկ Ղահրամանյանի, «Քյուրքչյան» կենտրոնի տնօրեն Արամ Մկրտիչյանի և ՍՕՍ մանկական գյուղերի ներկայացուցիչ Ռուբիկ Փաշինյանի ուղեկցությամբ, այցելել են Ս. Կատարինե հայկական եկեղեցի, որտեղ նրանք հանդիպել են Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հյուսիս-արևմտյան տարածաշջանի առաջնորդական փոխանորդ Տ. Պողոս վարդապետ Վարդանյանի հետ: Հայր Սուրբը հյուրերին օրհնեց և մաղթեց հաջողություններ մրցաշարում: Պատանի մարզիկները այցելեցին նաև Հոգևոր դաստիարակության կենտրոն:

Մրցաշարը անցկացվում էր «Մինի-ֆուտբոլը դպրոցում» նախագծի շրջանակներում և նվիրված էր Ֆուտբոլի համաշխարհային օրվան։ Պատանի ֆուտբոլիստների մրցումներն անցկացվել են Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության, Ռուսաստանի ֆուտբոլային միության, Ռուսաստանի մինի-ֆուտբոլի ասոցիացիայի, Սանկտ Պետերբուրգի ֆուտբոլի ֆեդերացիայի, Սանկտ Պետերբուրգի կառավարության, Սանկտ Պետերբուրգի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հանձնաժողովի աջակցությամբ:

Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ հանդիպում մասնակից թիմերի միջև և կատարվեց վիճակահանություն։ Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ մրցաշարի պաշտոնական բացումը, որից հետո համաձայն վիճակահանության մեկնարկեց առաջին մրցույթային խաղը։ «Քյուրքչյան» թիմն արձանագրեց երեք հաղթանակներ:

Եզրափակչում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի մինի-ֆուտբոլի հավաքական թիմը 3-0 հաշվով տոնեց իր չեմպիոնական հաղթանակը։

Այս օրերին թիմը այցելեց նաև Պետական Էրմիտաժ, ներկա գտնվեց «Զենիթ» - «Դինամո» ֆուտբոլային հանդիպմանը, «Սառցե պալատ» մարզահամերգային համալիրում դիտեց հոկեյի խաղ։