Մայիսի 7-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածին ժամանեց

Մայիսի 7-ին  Մայր Աթոռ Սբ. Էջմիածին ժամանեց 08.05.2003

Մայիսի 7-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով եռօրյա այցով Մայր Աթոռ Սբ. Էջմիածին ժամանեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ն եւ նրա գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են միտրոպոլիտներ, եպիսկոպոսներ, քահանաներ:

«Զվարթնոց» օդանավակայանում Վրաց Եկեղեցու գահակալին դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` բարձրաստիճան հոգեւորականների ուղեկցությամբ: Այստեղ էին նաեւ զույգ երկրների դեսպանները:

Օդանավակայանից երկու եկեղեցիների գահակալները մեկնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, ուր տեղի ունեցավ բարիգալստյան արարողություն:

Իջման Սբ. Սեղանի առջեւ Ամենայն Հայոց Հայրապետն իր ողջույնը փոխանցեց Վրաց Պատրիարքին` նշելով երկու ժողովուրդների եւ եկեղեցիների դարավոր բարեկամությունը, որի «նախանձավոր երաշխավորն է Վրաստանի հայ համայնքը»:

«Քրիստոնյա Վրաստանում հայ ժողովրդի զավակները մշտապես իրենց ապահով ու ազատ են զգացել« վստահությամբ հիմնել եկեղեցիներ ու վանքեր« դպրոցներ ու թատրոն« բարեգործական հաստատություններ: Այսօր եւս վայելելով վրաց պետության« եկեղեցու եւ ժողովրդի անկեղծ բարեհաճությունը` հայորդիք հնարավորություն ունեն ապրելու իրենց ազգային-եկեղեցական կյանքով եւ իբրեւ լիիրավ քաղաքացիները Վրաստանի, իրենց ազնիվ մասնակցությունը բերելու երկրի հասարակական կյանքի զարգացմանն ու առաջընթացին»,- ասաց Վեհափառ Հայրապետը: Հայոց Կաթողիկոսը միաժամանակ նշեց, որ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու սերը պիտի օգնեն հաղթահարելու այն բոլոր հետխորհրդային դժվարությունները, որ ծառացած են երկու երկրների եւ եկեղեցիների առջեւ:

Նորին Սրբություն Իլիա Բ Պատրիարքը իր պատասխան խոսքում մեկ անգամ եւս հավաստեց երկու եկեղեցիների եղբայրական բարեկամության մասին` համոզմունքով, որ երկու հովվապետերի ջանքերով առավել կամրապնդվի այդ բարեկամությունը` հարթելով եղած բոլոր խնդիրներն ու դժվարությունները:

Հավարտ արարողության երկու հովվապետերը հանդիսավոր թափորով ուղղվեցին դեպի Վեհարան` մի պահ կանգ առնելով երջանկահիշատակ Վազգեն Ա եւ Գարեգին Ա կաթողիկոսների շիրիմների առջեւ եւ իրենց հարգանքի տուրքը մատուցելով երկու հայրապետների հիշատակին:

Վեհարանում երկու գահակալները միմյանց ներկայացրեցին պատվիրակության անդամներին: