Ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծվեց Գյումրիի Ս. Նշան եկեղեցին
Սեպտեմբերի 27-ին Շիրակի թեմում, Գյումրիում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծվեց՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և Ղուկասյան ընտանիքի ջանքերով վերականգնված Ս. Նշան եկեղեցին:
1857թվականին կառուցված այս եկեղեցին 1864 թվականին օծվել է իբրև Ս. Աստվածածին եկեղեցի, իսկ 1870թ. վերանվանվել Սբ. Նշան: Խորհրդային կարգերի ժամանակ՝ 1930-ական թվականներին, այն փակվում է և իշխանությունների կողմից գործածվում իբրև պահեստ, ապա թատրոն և աստղադիտարան: 1988թ. աղետալի երկրաշարժից Ս. Նշան եկեղեցին խոնարհվում է:
Գյումրի քաղաքի սահմանագծին Նորին Սրբությանը դիմավորեցին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, Շիրակի մարզպետ Ռ. Մանուկյանը, քաղաքապետ Վ. Ղուկասյանը:
«Հրաշափառ» շարականի ներքո հանդիսավոր մուտքից հետո Հայոց Հայրապետի և ընթերակա եպիսկոպոսների կողմից կատարվեց Ս. Սեղանի, սյուների և Մկրտության Ս. Ավազանի օծման արարողությունը:
Սրբազան այս արարողությունից հետո Վեհափառ Հայրապետն իր շնորհավորանքի ու գնահատանքի խոսքն ուղղեց եկեղեցու բարերարներին և հավատավոր գյումրեցիներին:
«Վերստին Աստծո ողորմության և հույսի դռներն են բացվել Հայոց աշխարհի և մանավանդ Շիրակ աշխարհի և նրա բարեպաշտ ժողովրդի առջև, քանզի օրավուր վերանում են հետքերն ավերիչ երկրաշարժի, որ այնքան ցավ, տրտմություն և սուգ բերեց ձեզ և մեր ժողովրդին:
...Այսօր վերանորոգված է, գեղեցկազարդ և պայծառաշուք նաև Ս. Նշան եկեղեցին:
... Մեր մաղթանքն է և հորդորը ձեզ, սիրելի գյումրեցիներ, որպեսզի ձեր հավատարմությունը հայրերի սրբազան հավատքին անսասան պահեք, շեն ու պայծառ պահեք ձեր եկեղեցիները, հավատքով ու աղոթքով թրծեք նրանց որմերը և քարերը, որպեսզի ոչ մի կործանարար աղետ չկարողանա շարժել նրանց հիմերը, որպեսզի երբեք մեր ժողովրդի զավակներն իրենց հավատքի օջախները խոնարհված չտեսնեն:
.... Մենք եկել ենք մեր գնահատանքի խոսքն ուղղելու ձեզ, որ հավատքի և լավատեսության անսասան ոգով, համբերությամբ ու արիությամբ հաղթահարեցիք ձեզ բաժին ընկած փորձությունները»,- ասաց Նորին Սրբությունն իր խոսքում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորաօծ եկեղեցուն նվիրեց Ս. Հաղորդության սկիհ՝ ի նշան Մայր Աթոռ Ս. Էջմիածնից բերված օրհնության:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս Արք. Բունիաթյանը, Մայր Աթոռի Վարչա-կազմակերպչական գործերի կառավարիչ Տ. Փառեն եպս. Ավետիքյանը և Մայր Աթոռի միաբաններ: Եկեղեցու օծման սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ՀՀ կառավարության անդամներ, Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը և մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: