Հոգեհանգստյան արարողություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում` ի հիշատակ Գուրգեն Մարգարյանի եւ սումգայիթյան ոճրագործության զոհերի

Փետրվարի 29-ին, Արտաքսման կիրակի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվեց Սբ. Պատարագ: Հավարտ Սբ. Պատարագի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն Բուդապեշտում ադրբեջանցի սպայի կողմից վայրագորեն սպանված ՀՀ ԶՈՒ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի եւ 16 տարի առաջ սումգայիթյան ոճրագործության զոհերի հոգիների հանգստության համար:

Նախորդ օրը հայ սպայի հուղարկավորությունը կատարեց ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Տ. Արշեն աբեղա Սանոսյանը: Հայր սուրբն ընթերցեց նաեւ Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ,որում մասնավորապես ասված է.

«Սիրելի վշտակիր ժողովուրդ եւ Հայոց Բանակի մարտիկներ.

Այսօր առավոտյան մենք ծաղկեպսակներ դրեցինք Սումգայիթի զոհերի հուշակոթողի առջեւ եւ ցավի նույն զգացումով, վրդովմունքի նույն ապրումով հողին ենք հանձնում Գուրգեն Մարգարյանին: Ադրբեջանցի սպայի դավադիր ու տմարդի ձեռքը պատճառ դարձավ երիտասարդ, շնորհալի հայ սպայի մահվան, ով հպարտորեն ու պատվով ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրով իրականացվող միջոցառմանը: Հայրենիքի համար զոհվեց նա, ծառայության ժամանակ, իր պարտականությունները կատարելիս: Այսօր Եռաբլուրում հայոց քաջերը, Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայոց անմահները ընդունում են նրան իրենց լուսազգեստ շարքերում:

Մեր պատմությունը շատ օրինակներ գիտի, երբ մեր զավակները նահատակվել են հայ լինելու համար: Եվ դավ ենք տեսել, եւ ոճիր, տեսել ենք մեր տների ավերվելը, մեր հողի այրվելը, բայց դիմացել ենք ցավին, հաղթահարել ենք փորձությունները, որովհետեւ Հարուցյալին հուսացյալ միշտ հավատացել ենք արդարության հաղթանակին, բարու հաղթանակին, կյանքի հաղթանակին մահվան դեմ:

Հանցագործ ու ահաբեկող բռնարարքները չեն մարդկության ապագան: Դատապարտելի են այն քարոզչությունն ու կոչերը, որ տարվում են Ադրբեջանի քաղաքական եւ հասարակական շրջանակներում` բորբոքելով թշնամության ու ատելության ոգին իրենց քաղաքացիների հոգիներում: Ժամանակն է, որ Ադրբեջանի իշխանությունները եւ բոլոր պատասխանատուները հասկանան, որ թշնամությունն ու ատելությունը չեն կարող լինել իրենց ժողովրդի նոր կյանքի հույսն ու ճանապարհը:

Հայ սպայի եղերական մահը շատերին պիտի վկայի եւ ահազանգի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի կարող խաղաղ ու ապահով կյանք ունենալ Ադրբեջանի կազմում, ինչպես որ չի ունեցել 1923 թվականի այն օրից ի վեր, երբ քաղաքական նկատառումներով կտրվեց Մայր Հայրենիքից ու շնորհվեց Խորհրդային Ադրբեջանին:

Հայոց Ազգային Բանակի նվիրյալ մարտիկի աճյունի առջեւ, Մեր աղոթքն է, որ ողբերգական վախճանը մեր զավակի վերջինը լիներ ղարաբաղյան խնդրի կարգավորման ճանապարհին, որ աշխարհի բոլոր անկյուններում մայրերը ոչ թե սգան իրենց զավակների կորուստը, այլ ուրախանան նրանց երջանկությամբ: Թող Տերը զորացնի նաեւ խաղաղասեր ոգին ու ստեղծարար կամքը մեր ժողովրդի, զորացնի Հայրենյաց սերը մեր հոգում, որպեսզի շենանա ու ծաղկի մեր երկիրը եւ հանուր հայոց կյանքը: Այս է մեր վշտացյալ սրտից բարձրացող աղոթքը այս նոր փորված շիրիմի առջեւ, որ պիտի դառնա վերջին հանգրվանը երիտասարդ հայորդու երկրային կյանքի, բայց նաեւ` սկիզբը դեպի Աստծո արքայություն, ուր հանգրվանն է Հայրենիքի պաշտպան նահատակների:

Տեր մեր եւ Փրկիչ մեր, ընդունիր երկնային երանական լույսերի մեջ արդար հոգին Գուրգեն Մարգարյանի եւ Սուրբ Հոգվույդ շնորհով մխիթարություն ու սփոփանք պարգեւիր որդեկորույս հայոց ազգիս, նահատակ մեր զավակի ծնողաց ու նրա բոլոր հարազատներին: Թող Մխիթարիչ, Խաղաղարար ու Արդար Հոգիդ լինի ընդ մեզ եւ ընդ ամենեսեանն այսօր եւ միշտ. ամեն»: