Հոգեհանգիստ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում
Դեկտեմբերի 7-ին, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի հանդիսությունների սրահում, ուղիղ ժամը 11. 41-ին, ողջ պաշտոնեության եւ սաների ներկայությամբ մեկ րոպե լռությունից հետո կատարվեց հոգեհանգիստ 1988թ. ահավոր երկրաշարժի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:
Մարդասիրական ճեմարանի կառավարիչ եւ հնդկահայոց հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը, դիմելով պաշտոնեությանը եւ սաներին, անդրադարձավ ոչ միայն 1988թ. Հայաստան աշխարհին պատահած արհավիրքին, այլ նաեւ այն բոլոր բնական աղետներին, որոնք տեղի ունեցան վերջին շրջանում ողջ աշխարհում: Հայր Սուրբը ներկաներին հորդորեց միշտ հիշել եւ աղոթել բնական աղետներից զոհվածների հոգիների համար եւ կարեկցել ու օգնության ձեռք մեկնել բոլոր կարիքավորներին:
«Վերջին շրջանում բազմաթիվ են բնական աղետները մեր երկիր մոլորակում, որոնց պատճառով բազմաթիվ մարդիկ զոհվեցին, շատեր կորցրեցին իրենց հարազատներին ու մտերիմներին, շատեր էլ հայտնվեցին բաց երկինքի ներքո: Ուստի այսօր ամենքիս նվիրական պարտքն է ոչ միայն աղոթելու զոհվածների համար, այլ նաեւ սփոփելու, մխիթարելու այն բոլոր մարդկանց, ովքեր տառապում են այս աշխարհում զանազան բնական աղետների պատճառով` միշտ մտաբերելով, որ ամենքս Աստծո արարչագործության արդյունքն ենք, ուստի աստվածային պատվիրանների համաձայն` պարտավոր ենք միշտ նեցուկ լինելու կարիքավորներին»,-նշեց Հայր Սուրբն իր խոսքում: