Հերթական ուխտի պատարագը` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Հերթական ուխտի պատարագը` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում 16.06.2003

Պատարագիչն էր Ռումինիայի եւ Բուլղարիայի հայոց թեմերի առաջնորդ Տ. Տիրայր արք. Մարտիկյանը

Հունիսի 15-ին Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակի առիթով Մայր Աթոռ Սբ. Էջմիածին ուխտի էին եկել Ռումինիայի եւ Բուլղարիայի հայոց թեմերի մի խումբ ուխտավորներ` թեմակալ առաջնորդ Տ. Տիրայր արք. Մարտիկյանի գլխավորությամբ: Մայրավանքում առաջնորդ Սրբազան Հայրը մատուցեց հերթական Ուխտի պատարագը եւ Սբ. Էջմիածնի խորհրդով իր պատգամն ուղղեց ներկա հավատացյալ բազմությանը:

«Էջմիածինը մեր մայրն է, մեր փառքն է, մեր խիղճն է, որովհետեւ ինչ որ ունինք քաղաքակիրթ աշխարհին ներկայանալու, մենք այդ բոլորը ստացել ենք Սբ. Էջմիածնի միջոցով: Տկարացնել Սբ. Էջմիածինը, կնշանակե սառեցնել հայ ժողովրդի հոգին: Էջմիածինը կա եւ կմնա մեր ժողովրդի ամենանվիրական սրբավայրերեն մեկը», - ասաց Սրբազան Հայրն իր քարոզում` հորդորելով կենդանի եւ անսասան պահել հայ եկեղեցին:

Այս երկրներում հայ եկեղեցին երկար տարիների պատմություն ունի: Սակայն համայնավարական վարչակարգի շրջանում ինչպես Ռումինիայում, այնպես եւ Բուլղարիայում սահմանափակվել էր հայոց հոգեւոր համայնքների գործունեությունը, փակվել էին մի շարք եկեղեցիներ: 1990-ականներից ի վեր, ժողովրդավարության հաստատումից հետո, այս թեմերում կրկին ազգային-հոգեւոր կյանքը ծաղկում է ապրում, գործում են թեմական խորհուրդներ, որոնք ձեռնամուխ են հայոց եկեղեցիների վերաբացմանը եւ նորերի կառուցմանը:

Սբ. Էջմիածնում հանուն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մայր Աթոռի միաբանության ուխտավորներին ողջունեց Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ եպս. Մարտիրոսյանը:

Սրբազան արարողության ներկա էին բարձրաստիճան հոգեւորականներ, Հայաստանում Ռումինիայի եւ Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպանները, հյուրեր:

Հավարտ Սբ. Պատարագի ուխտավորներին Վեհարանում ընդունեց Վեհափառ Հայրապետը: