Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ողերձը Հանրապետության տոնի առիթով
Հանրապետության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել համայն հայ ժողովրդին: Հայրապետական ուղերձում ասվում է.
«Սիրելի ժողովուրդ հայոց,
Հայրապետական սիրով Մեր օրհնությունն ենք բերում ամենքիդ` ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս, եւ շնորհավորում Հանրապետության տոնի առիթով:
1918 թվականին մայիսյան փառապանծ հերոսամարտերի հաղթանակով հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը` որպես իրականացում մեր ժողովրդի ազատության ու անկախության դարավոր իղձերի:
Քաջարի պայքարով, աներկբա հավատով ու միասնական ընթացքով վերահաստատած իր անկախ պետականությունը` ազգս հայոց ջանում է ստեղծագործ կյանքով եւ նոր իրագործումներով շենացնել այսօր երկիր Հայրենին:
Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ խաղաղություն շնորհի համայն աշխարհին եւ պարգեւի եռանդ ու զորություն աշխարհսփյուռ մեր ժողովրդին` հայրենանվիրումով ու եկեղեցասիրությամբ ուժերը ներդնելու հանուն ազգային մեր իղձերի, մեր ժողովրդի միացյալ կյանքի ու պայծառ գալիքի:
Օրհնությամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»: