Հայ եկեղեցու կանոնադրության հանձնախմբի նիստը՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Մարտի 4-6-ը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Կանոնադրության հանձնախմբի հերթական նիստը՝ հանձնախմբի նախագահ, ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Վաչե արք. Հովսեփյանի նախագահությամբ։
Նորին Սրբություն Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հունվար ամսից հանձնախումբը գործում է նոր կազմով, որի մեջ ընդգրկված են Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Մեսրոպ արք. Գրիգորյանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքությունից՝ Սեւան եպս. Ղարիբյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, Անգլիայի թեմի առաջնորդ Տ. Նաթան եպս. Հովհաննիսյանը, Տ. Մամբրե քահ. Գուզույանը՝ ԱՄՆ Արեւելյան թեմից, Կ. Պոլսի հայոց պատրիարքությունից՝ տիար Սեդրակ Տավուտխանը, ՀՀ դատավոր Տարիել Բարսեղյանը, Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամներ Ռաֆայել Պապայանը եւ Ազատ Բոզոյանը։
Եռօրյա նիստերի ընթացքում Կանոնադրության նոր հանձնախումբը, շարունակելով նախորդ հանձնախմբի աշխատանքը, ամբողջությամբ վերանայեց կանոնադրության նախագիծը՝ թեմերից ստացված առաջարկությունների հիման վրա կատարելով անհրաժեշտ փոփոխություններ։ Առաջիկայում մշակված նախա-գիծը կներկայացվի Ամենայն Հայոց Հայրապետի ուշադրությանը, ապա՝ կքննարկվի Գերագույն Հոգեւոր խորհրդում։
Կանոնադրությունը վերջնականորեն կհաստատվի Ազգային-եկեղեցական ժողովի կողմից։