Հայոց Վեհարանը
Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվելու է Վեհարանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրը։ Հայրապետանիստը կառուցվել է մեկ դար առաջ` մեծանուն Ալեքսանդր Մանթաշյանի մեկենասությամբ։ Այսօր Վեհարանը ներկայանում է Ամենայն Հայոց Կաթողիկոսներին հարիր վսեմությամբ` բարերարությամբ գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի։
Դարեր շարունակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գտնվել է օտարների իշխանության ներքո, ինչը, նաև խորհրդային շրջանում, գրեթե անհնարին է դարձրել համայն հայության հոգեւոր կենտրոնում վայելչատես ու ընդարձակ շինությունների կերտման գործը, որոնք արտահայտությունը պետք է լինեին հանուր հայության հոգևոր կենտրոնի համբավի, պատվի ու փառքի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի աշխարհահռչակ բարձր հանգամանքի: Ամենայն Հայոց կաթողիկոսների համար աշխատանքային պայմանները թեեւ հաճախ նորոգվում էին, արտաքնապես շարունակում էին մնալ անշուք ու անհամապատասխան նրա հոգևոր իշխանությանը և հեղինակությանը։
Աստծո ողորմությամբ XX դարասկզբին անվանի հայ գրողներից Ալեքսանդր Շիրվանզադեն իր մի գրությամբ հայտնում է Մատթեոս Բ. Իզմիրլյան Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանը փափագում է «Վեհափառ Հայրապետի համար կառուցանել իր ծախքով մի վայելուչ կացարան»:
1910 թ. հունիսի 6-ին ձեռամբ Մատթեոս Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվում է Վեհարանի հիմնարկեքը: Մեծատաղանդ ճարտարապետ Պողոս Զոհրաբյանը գծում է մի սքանչելի շենք՝ երկհարկանի, մեծ ու լուսավոր: Ցավոք, ոչ Մատթեոս Բ. Կաթողիկոսին, ոչ էլ Ալեքսանդր Մանթաշյանին բախտ չի վիճակվում մուտք գործելու նորակառույց Վեհարան։ Հիմնական շինարարական աշխատանքներն ավարտվում են 1914 թ.՝ այլևս Տ. Տ. Գևորգ Ե. Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության ժամանակ:
Դժբախտաբար, Գևորգ Ե. Հայրապետը նույնպես հնարավորություն չի ունենում ամբողջապես ավարտելու Վեհարանի շինությունը և այնտեղ հաստատվելու, քանի որ սկսվում է Առաջին աշխարհամարտը, ամիսներ անց` Հայոց Ցեղասպանությունը, հետո ծանր երկունքով ծնվում է Հայաստանի Առաջին Հանրապետությունը...
Ինչպես դարերի խորքում, վերստին Մայր Աթոռն ամբողջապես ի սպաս է դրվում վիրավոր ժողովրդին և վերականգնյալ Հայրենի պետությանը: Այդ անասելի տարիներին նորակառույց Վեհարանը ծառայում է որպես զինվորական հիվանդանոց, գաղթականների ու որբերի ապաստարան: Առաջին Հանրապետության տարիներին Վեհարանը վերածվում է զորանոցի, որտեղ տեղակայվում է զինվորական հրամանատարությունը: Իսկ 1920 թ., երբ Հայաստանում հաստատվում են խորհրդային կարգեր՝ բռնագրավվում է նաև Վեհարանը:
Տարիներ են անցնում, աթեիստական գաղափարախոսությամբ շնչող ու ապրող Խորհրդային երկրում որոշ բարենպաստ պայմաններ են ստեղծվում:
1957 թ., ընդառաջ Տ. Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմումին, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ն.Ա. Բուլգանինի կարգադրությամբ Վեհարանը վերադարձվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: 1958-1962 թթ., աջակցությամբ Մայր Աթոռի բարերարների, Վեհարանն ի ներքուստ արմատապես վերակառուցվում և գեղեցկապես նորոգվում է, սրահներն ու սենյակները կահավորվում են և զարդարվում գեղարվեստական ստեղծագործություններով: Այդ ժամանակ նաև Վեհարանի շրջակա տարածքն է պարսպապատվում ու բարեկարգվում: 1962 թ. սեպտեմբերի 30-ին երանաշնորհ Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետը հանդիսավորապես մուտք է գործում Վեհարան և այլևս այն դառնում է Հայրապետանիստ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության հենց սկզբից ջանքեր են ներդրվում թե՛ հոգևորականների շարքերը համալրելու ու նոր սերունդ դաստիարակելու, և թե՛ Մայր Աթոռում ու թեմերում հոգևորականների համար պատշաճ պայմաններ ապահովելու համար։ Ընդարձակվում ու աննախադեպ կերպով բարեշինվում է Մայր Աթոռը։ Վեհարանի հիմնանորոգությունն ու ըստ մերօրյա պահանջների ընդարձակումը դառնում են ժամանակի պահանջ։ Այնուամենայնիվ, Հայոց Հայրապետը չի շտապում անդրադառնալու այդ խնդրին. Հայրապետը նախ` հոգում է Մայր Աթոռի միաբանների կեցության հարցը:
Հայ բարերարները բոլոր դարերում իրենց անուրանալի ավանդն են ներդրել հայրենիքի կառուցման ու զարգացման գործին` աջակցելով մշակութային կոթողների ու սրբավայրերի կառուցմանն ու պահպանմանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը` իբրև մեր ազգային միասնության ու ինքնության պահպանման ամուր պատվար։
Ազգային-եկեղեցական բարերար Տիար Ռիչարդ Մանուկյանի աջակցությամբ Մայր Աթոռում կառուցվում է երկհարկանի, հսկա ու անզուգական հարմարավետությամբ օժտված միաբանական նոր շենքը: Ապա բարելավվում են Մայր Աթոռի ծառայակիցների աշխատանքային պայմանները, կառուցվում են Դիվանատունը (բարերար՝ տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյան), «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը (բարերար՝ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյան), «Գարեգին Ա. » կրթական կենտրոնը (բարերար՝ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյան), Տնտեսական մասնաշենքը (բարերար՝ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոն): Հայոց Հայրապետը նաև հիմնանորոգում է Սուրբ Էջմիածնի պատմական շենքերը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանը (բարերար՝ տեր և տիկին Գևորգ և Սիրվարդ Հովնանյան, կից կառուցվում է նաև Ճեմարանի հանդիսասրահը՝ բարերար տեր և տիկին Ջերարդ և Փատրիսիա Թրբանճյան), Հին վեհարանը (բարերար՝ տեր և տիկին Պերճ և Վերա Սեդրակյան), Խրիմյան թանգարանը (բարերար՝ տեր և տիկին Սարգիս և Ռութ Բեդևյան), Տպարանը (բարերար՝ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյան), Երեմյան շենքը (բարերար՝ տեր և տիկին Էդուարդ և Ժանետ Մարտիկյան), Սինոդի շենքը (բարերար՝ ԵՀԽ հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամ), Ղազարապատի սեղանատունը (որը վերածվում է «Ռուբեն Սևակ» թանգարանի, բարերար՝ տեր և տիկին Հովհաննես և Իրմա Չիլինկիրյան): Հոգևոր առաքելությանը զուգընթաց իրականացվող այս ու այլ մեծ ու փոքր շինարարություններից ու վերանորոգություններից հետո Վեհափառ Հայրապետը ձեռնամուխ է լինում Վեհարանի խնդրի լուծմանը:
Տարբեր նվիրյալ հայ բարերարներ են առաջարկում իրենց աջակցությունը։ Տեղեկանալով Վեհարանի նորոգման ծրագրին՝ Կարապետյանների ընտանիքը ազգասեր ու ծառայանվեր իրենց ոգով կամենում են ամբողջապես ստանձնել Վեհարանի նորոգության ծրագիրը:
Տիար Սամվել Կարապետյանի անունը կապվում է թե՛ Հայաստանում, թե՛ հայրենիքից դուրս մեծածավալ բարեգործությունների հետ` ի շահ հայ ժողովրդի ու ի պահպանություն նրա պատմական ժառանգության։ Այս ամենի մեջ թերևս առանձնանում են հայ հոգևոր մշակույթի ու ժառանգության պահպանման ուղղությամբ աշխատանքները։ Վերջին քսան տարիների ընթացքում Կարապետյան ընտանիքը իր կարևոր ներդրումն է ունեցել հայ հոգևոր ժառանգության նորոգության ու նոր աղոթավայրերի կառուցման գործում` հաճախ առանց այդ փաստերի հանրայնացման։ Բարերար ընտանիքի կողմից բարեգործական ծրագրեր են իրականացվել նաև տարբեր այլ ոլորտներում:
Տեր և տիկին Սամվել և Էթերի Կարապետյանների իշխանական բարերարությամբ 2010-2019 թթ. Վեհարանը հիմնանորոգվում ու բարեզարդվում է։
Վեհարանի առաջին հարկում`ձախ ուղղությամբ, տեղակայված է Հայոց Հայրապետի ընդունարանը, աշխատասենյակն ու առանձնասենյակը, ճաշասրահը, ինչպես նաև թանգարանը, որտեղ պարփակված են հայ ոսկերչության ու արծաթագործության բարձրարվեստ ստեղծագործությունները: Նույն հարկի աջ ուղղությամբ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովատեղին է, Վեհարանի աշխատակազմի գրասենյակները։
Կենտրոնական շքեղ ու լուսաճառագ սանդուղքը բարձրացնում է երկրորդ հարկ: Հենց կենտրոնական միջանցքում` երկու մուտքով բացվում է մեծ գահասրահը, իսկ աջ կողմում Մայր Աթոռի ձեռագրատունն է: Այդտեղ են նաև կաթողիկոսական գրադարանը, գողտրիկ գահասրահը, որտեղ, Նորին Սրբության կարգադրությամբ, զետեղվել է տակավին Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետի օրոք պատրաստված օնիքսե հայրապետական Գահը` իր նշանակներով։
Հայրապետանոցի վերին հարկաբաժնում փառահեղորեն կանգնեցվել է նաև պատմական երկու բարձրարվեստ խաչքար (Նորավանք, 1308 թ.՝ գործ Մոմիկ վարդպետի, Արցախ, 1640 թ.):
Վեհարանին զուգահեռ` արևմտյան կողմից, Կարապետյանների ընտանիքի բարերարությամբ կառուցվել է նաև Հանդիսությունների սրահ, որը վերերկրյա զույգ անցումով կամրջվում է Վեհարանին: Այդ լուսավետ դահլիճի լայնարձակ բեմահարթակի աջ և ձախ կողմերում փորագրվել են ազգային-եկեղեցական պատմության առանցքային զույգ իրադարձության խորհրդապատկերները`Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Սուրբ Էջմիածնի կառուցումը և 1441 թ. Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի Սուրբ Էջմիածնում վերահաստատումը։
Սրահի կամարակապ շրջափակում Կարապետյանների ազնիվ նվիրատվությամբ կերտվել է Սրբոց Հայրապետաց մատուռը, որը ծաղկվել է հայ արվեստին հարազատ գեղեցիկ զարդապատկերներով, ավետարանիչների խորհրդանշաններով, իսկ թմբուկի սյունաշարը ներկայացվել է տասներկու առաքյալների` հասակով մեկ փորագրված հարթաքանդակներով: Սքանչելի խորհրդով և մեծ պատգամով Տիրոջ աշակերտները հանդես են գալիս Հայոց Եկեղեցուն, Հայրենիքին և Ազգին մեծ ծառայություններ մատուցած հոգևոր և աշխարհիկ գործիչների դիմապատկերներով:
Վեհարանի վերանորոգության ու ընդլայնման աշխատանքներն իրենց փառահեղ լրումին հասան պարտեզի և շրջակայքի ներդաշնակ բարեզարդմամբ: