Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի «ՀՈԳԻՍ. երազի՛ր, սիրի՛ր, հավատա՛» պարային երաժշտական ներկայացումը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախաձեռնությամբ մայիսի 29-ին, ժամը 19։30-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի Հայորդյաց տան «ՀՈԳԻՍ. երազի՛ր, սիրի՛ր, հավատա՛» պարային երաժշտական ներկայացումը` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանին։
Ներկայացումն առաջին անգամ հանդիսատեսի դատին է հանձնվել 2016 թ. Նյու Յորքի Բրոդվեյ Սիթի Սենթր թատրոնում։ Հայաստանյան հանդիսատեսի համար այն ներկայացվում է առաջին անգամ։ Ներկայացման սյուժեն խորհրդանշական կերպով կառուցված է հայ ժողովրդի պատմության շրջափուլերով՝ անդրադառնալով մեր ազգի անցած ուղուն և դժվարության պահին սխրանքի պատրաստ հայ տեսակին` մասնավորաբար շեշտելով արդի ժամանակներում Հայաստան-Սփյուռք միասնության և Հայաստանի նորագույն պատմության ընթացքը կերտող հաղթական երիտասարդության հոգևոր ինքնության պահպանման հրամայականը։
Ներկայացմանը ներգրավված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի Հայորդյաց տան պարային դպրոցի, կրկեսի, թմբկահարների դասարանների շուրջ 100 սաներ։ Ներկայացումը բեմադրվել է Գրիգոր Խաչատրյանի և Արման Ջուլհակյանի կողմից, պրոդյուսերներն են Անի Սեդրակյանը և Պատրիք Մալաքյանը։ Ներկայացումն իրականացվում է Հայորդյաց տան պարուսույցներ՝ Մելինե Առաքելյանի և Գեորգի Բաբայանի, և հաստատության շրջանավարտ մեներգչուհի Լուիզա Երեմյանի մասնակցությամբ։
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու ներկայացումը: