Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու բարձրագույն պարգեւը` Տեր եւ Տիկին Արետ եւ Մոնիք Երկանյաններին
Հունիսի 15-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու բարձրագույն պարգեւ` Սբ. Գրիգոր Լուսավորիչ շքանշան հանձնեց ստամբուլահայ բարերարներ Տեր եւ Տիկին Արեթ եւ Մոնիկ Երկանյաններին:
«Մենք բարձր ենք գնահատում Երկանյանների ազգային եւ հայրենասիրական ոգին, որ նրանք դրսեւորում են մեր սրբավայրերի պահպանման գործում: Մենք նաեւ քաջալերում ենք նրանց հոգատար վերաբերմունքը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հանդեպ»,- հանձնելով շքանշանը բարերարներին` ասաց Հայոց Հայրապետը:
Նորին Սրբությունը նշեց, որ աշխարհի ամենատարբեր վայրերում հանդիպել է ստամբուլահայերի, ճանաչել նրանց իբրեւ ճշմարիտ հայ քրիստոնյաներ ու Մայր Աթոռի հավատարիմ զավակներ, որոնք խորը նախանձախնդրություն են հանդես բերում ազգային արժեքների պահպանման գործում:
Երախտագիտություն հայտնելով պարգեւի համար` Տեր եւ Տիկին Երկանյանները հավաստեցին, որ այսուհետ եւս հավատարիմ կմնան իրենց ուխտին եւ կծառայեն Հայ Եկեղեցուն:
Առաջին անգամ լինելով Հայաստանում` ստամբուլահայ բարերարներն այցելեցին նաեւ Սեւանի Վազգենյան դպրանոց, Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի եւ Նորքի Հայորդյաց տուն, ծանոթացան Հայ Եկեղեցու գործունեությանը: