Հայաստանի Հանրապետության վարչապետն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հունիսի 1-ին, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում հանդիպեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, հայաստանյան թեմերի առաջնորդների և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ:
Նորին Սրբությունը, ողջունելով ՀՀ վարչապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, շնորհավորեց և իր օրհնությունը փոխանցեց նրան ծննդյան տարեդարձի կապակցությամբ` մաղթելով Աստծո օգնականությունը:
Ապա Վեհափառ Հայրապետը ՀՀ վարչապետին ներկայացրեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին և ներկա հոգևորականներին, տեղեկություններ փոխանցեց ԳՀԽ գործունեության և ժողովի օրակարգում ընդգրկվող ազգային-եկեղեցական կյանքը հուզող զանազան խնդիրների մասին:
Գարեգին Բ Կաթողիկոսը ՀՀ վարչապետի հետ հանդիպումը պատշաճ առիթ նկատեց հոգևոր դասի համար` ծանոթանալու ապագայի վերաբերյալ նրա տեսլականին և լուսաբանություններ ստանալու մեր ժողովրդին հուզող տարբեր խնդիրների վերաբերյալ:
Անդրադառնալով վերջին շրջանի ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին՝ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ դրանք հանգուցալուծվեցին խաղաղ գործընթացներով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Երկնավորից, որպեսզի Տերը զորացնի հայ ժողովրդին` կերտելու խաղաղ և բարօր հայրենիք, ապրելու ստեղծագործ ու երջանիկ կյանքով:
Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպմանն ընթացքում ՀՀ վարչապետին հաջողություններ մաղթեց իր պատասխանատու պաշտոնում:
Այնուհետև ներկաներին ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուրախություն հայտնելով հանդիպման հնարավորության համար: ՀՀ վարչապետը, խոսելով Հայաստանում սիրո և համերաշխության կարգախոսի ներքո տեղի ունեցած փոփոխությունների մասին, կարևորեց ամենքի ջանքերի մեկտեղումն, որպեսզի ձևավորված այդ մթնոլորտը լինի մշտական իրողություն Հայաստանի Հանրապետությունում և ընդհանրապես հայ ժողովրդի մեջ: Պրն. Նիկոլ Փաշինյանը կարևորեց ստեղծարար մթնոլորտի ձևավորումը, որը կնպաստի անվտանգության և բարեկեցության մակարդակի բարձրացմանը և ազգային միասնության ամրապնդմանը:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձ կատարեց նաև Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությանը և ազգային կյանքում անուրանալի դերակատարությանը, խոսեց Եկեղեցի-պետություն հարաբերությունների ու գործակցության մասին: ՀՀ վարչապետը ներկայացրեց Վրաստան կատարած իր պաշտոնական այցի արդյունքները, պատասխանեց նաև եկեղեցականների հարցերին, որոնք վերաբերում էին ներհայաստանյան կյանքի զարգացումներին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հայրենի պետության արտաքին քաղաքականությանը և Սփյուռքին:
Ամփոփելով հանդիպումը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր բարեմաղթանքներն ուղղեց ՀՀ վարչապետին` ընդգծելով, որ անկախ պետականությունը Հայոց Եկեղեցու դարերով փայփայած երազն է եղել, և հայրենիքի զորացումը պիտի շարունակի մնալ Եկեղեցու մշտական առաքելությունը: