ՀԱՄԱՏԵՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՏԵՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ԵՒ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎԻ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, Հայ Եկեղեցու սրբազան առաքելության առավել ծաղկման եւ ներքին միասնականության առավել ամրապնդման առաջադրանքով գումարված խորհրդակցական առաջին ժողովից (մարտի 4-5, 2005թ.) հետո, 2006 թ. հունվարի 31-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսության եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պատվիրակությունները վերստին հանդիպեցին եւ «Հայ Եկեղեցու վերանորոգության հրամայականը» թեմայի լույսի ներքո ճշտեցին հետագա աշխատանքային գործընթացը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսության պատվիրակության կազմում էին`
Գերաշնորհ Տ. Խաժակ Արք. Պարսամյանը (Ատենապետ).
Գերաշնորհ Տ. Միքայել Եպս. Աջապահյանը (Ատենադպիր).
Տիար Ռաֆայել Պապայանը.
Տիար Ջեյմս Գալուստյանը:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պատվիրակության կազմում էին`
Գերաշնորհ Տ. Օշական Արք. Չոլոյանը (Ատենապետ).
Գերաշնորհ Տ. Նարեկ Եպս. Ալեմեզյանը (Ատենադպիր).
Տիար Երվանդ Փամբուկյանը.
Տիար Արսեն Դանիելյանը:
Տ. Վահրամ քհն. Մելիքյանը պատրաստեց ժողովի ատենագրությունը:
Երեքշաբթի, հունվարի 31-ի առավոտյան, Վեհարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց երկու պատվիրակություններին, կատարեց իր թելադրությունները եւ բաշխեց իր հայրական օրհնությունը: Ապա, Գերաշնորհ Տ. Օշական Արք. Չոլոյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի հաջողության մաղթանքները հաղորդեց պատվիրակությունների աշխատանքին:
Տերունական աղոթքից եւ աստվածաշնչական ընթերցումից (Եփես. Դ.1-16) հետո, նախորդ ժողովին ստեղծված եւ Վեհափառ Հայրապետների կողմից հաստատված ուղեգծի համաձայն, ժողովականները հանգամանորեն մշակեցին ապագա աշխատանքների ռազմավարությունը, ճշտեցին ստեղծվելիք հանձնախմբերի թիվը եւ նրանց քննարկելիք բնագավառները:
Ժողովական աշխատանքներն ընթացան եղբայրական սիրո եւ գործնական ջերմ մթնոլորտում` միշտ ելնելով Հայ Եկեղեցու գերագույն շահերից:
Ժողովի ավարտին, հանձախումբն իր զեկույցը ներկայացրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Վեհափառ Հայրապետներին` որդիաբար խնդրելով ապագա աշխատանքների հունավորման համար:
Ելնելով ժողովի աշխատանքի մթնոլորտից եւ արդյունքներից` պատվիրակությունները համոզված են, որ այս առաջադրանքների իրագործումը մեծապես պիտի նպաստի Հայ Եկեղեցու հզորացմանը եւ միասնականությանը:
Հունվարի 31, 2006թ.
Սբ. Էջմիածին