Համատեղ աղոթք ընտանիքների ամրության համար

Համատեղ աղոթք  ընտանիքների ամրության համար 11.10.2019

Ընտանիքի տարվա շրջանակներում, հոկտեմբերի 9-ից 10-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովի առիթով հոկտեմբերի 10-ին Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց համատեղ աղոթքի արարողություն ընտանիքների զորացման և ընտանեկան սրբազան արժեքների պահպանման համար:

Սրբազան արարողությանը ներկա էին Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, միջազգային համաժողովի մասնակիցները, Մայր Աթոռ ժամանած բազմազավակ ընտանիքներ և այլ բարեպաշտ ուխտավորներ:

Աղոթքից հետո ներկա ժողովրդին իր հայրապետական պատգամն ու օրհնությունը բերեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

«ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ . ԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԱՂՈԹՔԻ ԸՆԹԱՑՔԻՆ

 

Միջազգային գիտաժողովի մեծարգո մասնակիցներ,

Սիրելի հավատավոր զավակներ մեր,

Հոգևոր գոհունակությամբ ենք ողջունում ձեզ ամենքիդ Սուրբ Գայանե եկեղեցում՝ միջազգային  գիտաժողովի շրջանակներում կատարվող միասնական աղոթքի այս պահին։ Աղոթեցինք մեր Ամենակալ Հորը՝ ընտանիքի ու ընտանեկան սիրո զորացման, ընտանեկան սրբազան արժեքների պահպանման և ծառացող նորանոր մարտահրավերների հաղթահարման համար։ Հեշտ չէ սրբազան ու անանց հոգևոր արժեքների հարաբերականացման մտայնությամբ կլանված արդի աշխարհում պայքարել նվիրական ու անձեռնմխելի այնպիսի արժեքի եղծման դեմ, ինչպիսին մեզ՝ քրիստոնյաներիս համար ընտանիքն է ։ Սակայն Եկեղեցու առաքելությունն է քրիստոնեական ընտանիքի զորացումն ու ամրապնդումը, Եկեղեցին է այն գրավականն ու հիմքը, որի վրա անխախտորեն հիմնվում է քրիստոնեական ընտանիքի աստվածապարգև  գաղափարը: Այս ճանապարհին մենք հաջողելու ենք միայն ու միայն մեր Տիրոջ զորացնող ներկայությամբ ու կենարար խոսքով. «Մի՛ վախեցիր, այլ միայն հավատա» (Մարկ. Ե 36)։

Քրիստոնեական ընտանիքը՝ իբրև աստվածահաստատ իրողություն, այսօր արդեն բոլոր քրիստոնյաներին միավորող կարևորագույն հասկացություն է, խորհրդանշական կերպով՝ Աստծո՝ Երկնավոր մեր Հոր համամարդկային ընտանիքի արտացոլումը մեր կյանքում և մեր հասարակության մեջ։ Այս առումով այն նաև ամենքիս պաշտպանության և խնամքի կարիքն ունի՝ իբրև հոգևոր արժեքների ու բարոյական սկզբունքների կերտման դարբնոց, ավետարանական ճշմարտությունները կյանքի կոչելու նվիրական ճանապարհ։ Պատահական չէ, որ քրիստոնեության արշալույսին հեթանոսաց առաքյալ Սուրբ Պողոսն ընտանիքի ու ընտանեկան արժեքների ուրացումն ուղղակիորեն համարժեք էր համարում հավատուրացությանը. «Իսկ եթե մեկը յուրայիններին և մանավանդ ընտանիքին խնամք չի տանում, հավատն ուրացել է և ավելի չար է, քան անհավատը» (Ա Տիմոթ. Ե 8)։ Հիրավի, անկարելի է ընկալել քրիստոնեությունն ու Քրիստոսի Եկեղեցին առանց ընտանիքի և ընտանեկան արժեքների, որոնց հիմքն աստվածային գերագույն առաքինությունն է՝ սերը, գոյության գրավականը՝ հավատը, ներշնչող խնամքը՝ հույսը։ Քրիստոնեական առաջին համայնքները ստեղծվել են ընտանիքներում, ընտանեկան սեղանի շուրջ են առաջին քրիստոնյաները մատուցել առաջին Սուրբ Պատարագները, ընտանեկան օջախներում են սերմանվել երկնավոր մեր Վարդապետի փրկչական պատգամի սերմերը՝ ծլարձակելով ու հզոր արմատներով տարածվելով իբրև քրիստոնեական մեծ ու միասնական ընտանեկան ծառ։

Սիրելիներ, Տիրոջից ամենքս պատգամ ունենք՝ նախանձախնդիր մնալու նվիրականությանն ու ամրությանն ընտանիքի, անխաթար պահպանելու աստվածահաստատ ընտանիք հասկացությունը, նրա սրբությունը, ազգային ավանդույթները, խնամելու ու բարձրացնելու մեր հոգևոր ու ազգային կյանքը՝  մշտապես մնալով Տիրոջ որդեգրության շնորհի մեջ՝ որպես հավատավոր մեկ ընտանիք, որպես Աստծո սեփական ժողովուրդ:

Ի խորոց սրտի աղոթում ենք, որ Ամենակալն Աստված Իր խնամքի ու սիրո մեջ պահի ու պահպանի ընտանիքները և ողջ աշխարհին, համայն մարդկությանը շնորհի Իր երկնառաք խաղաղությունը, գթությունն ու ողորմությունը այսօր և միշտ. ամեն: