Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հոկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդեցին Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարան, ուր կատարվեց «Հրաշափառի» արարողություն։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունեց և բարի գալուստ մաղթեց Սահակ Պատրիարքին։
Այնուհետև Պոլսո Հայոց Պատրիարքը, գոհություն վերառաքելով առ Աստված վերստին հայոց հոգևոր կենտրոնում գտնվելու համար, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Սուրբ Էջմիածնի միաբանությանը։
Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: