Կիրակնօրյա Սբ. Պատարագը` Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Ամենայն Հայոց Հայրապետն ու Կիլիկիո կաթողիկոսը ողջունեցին «Հայրենիք-Սփյուռք» համաժողովի մասնակիցներին
Կիրակի, մայիսի 26-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը, որ Հայաստան է ժամանել «Հայաստան – Սփյուռք» երկրորդ համաժողովի առիթով, Երեւանի նորակառույց Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցեց Սբ. Պատարագ:
Ամենայն Հայոց Հայրապետն ու Կիլիկիո կաթողիկոսը եկեղեցի մուտք գործեցին «Հրաշափառի» երգեցողության ներքո:
Համաժողովի նախօրեին երկու հայրապետները հայ ժողովրդի մայիսյան պատմական հաղթանակների խորհրդով իրենց ողջույնն ու պատգամը հղեցին աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած համաժողովի մասնակիցներին, հորդորելով նրանց հավատքով ու միաբանությամբ լծվել հայրենիքի վերաշինության ու զորացման գործին:
Ամենայն Հայոց Հայրապետը ողջունելով Արամ Ա կաթողիկոսին, արարողությանը ներկա հավատացյալ ժողովրդին, իր օրհնությունը տվեց «Հայաստան –Սփյուռք» համաժողովին, համոզմամբ, որ «այն դառնալու է կարեւոր հանգրվան հայոց համազգային միաբանության ու ներշաղախ կյանքի»:
Իր հերթին Արամ Ա կաթողիկոսը, մատնանշելով, որ Հայ Առաքելական եկեղեցին մշտապես աղոթել ու պայքարել է հայրենիքի ազատության ու անկախության համար, հավաստեց, որ եկեղեցին շարունակելու է զորավիգ լինել հայրենիքին ու հայրենի պետությանը:
Սրբազան արարողության ընթացքում Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսները կատարեցին Հանրապետական մաղթանք` հանուն հայրենիքի անսասանության: