Կատարվեց Մաղաքիա վարդապետ Ամիրյանի մահվան տարելիցի հոգեհանգստյան կարգը
Օգոստոսի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը, հանդիսապետությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի մահվան տարելիցին նվիրված հոգեհանգստյան կարգը։ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ աղոթք բարձրացրեց առ Աստված հոգելույս Հայր Սուրբի հոգու խաղաղության և հանգստության համար։
Հոգեհանգստյան արարողությունից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ երջանկահիշատակ Մաղաքիա վարդապետի մասին պատմող ֆիլմի ցուցադրումը և Հայր Սուրբի՝ «Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռը և նրա տեղափոխությունները» գրքի շնորհանդեսը։