Կատարվեց հոգեհանգստյան արարողություն ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված զինվորների համար
Ապրիլի 2-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ տաճարում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ թեմի հոգևոր դասի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմի ընթացքում զոհված քաջարի մեր զինվորների համար։
Այս առիթով Նորին Սրբությունը նաև իր խոսքն ուղղեց ներկա հավատավոր ժողովրդին։
«Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր ոգեկոչում ենք երեք տարի առաջ մեր հայրենիքի Արցախ աշխարհի դեմ սանձազերծված պատերազմում հերոսացած հայորդիների հիշատակը։ Պանծացնում ենք մեր քաջարի ռազմիկների հայրենանվիրումն ու սխրանքները։ Նրանց անձնդիր արարքը ոգեշնչման աղբյուր է լինելու սերունդների համար։
Արցախը մեր միջնաբերդն է, որի անառիկությունը կանխորոշելու է մեր ապագան ու բարօր կյանքը։ Հայրապետական մեր պատգամն է, որ մեր ժողովուրդը թե՛ Հայրենիքում եւ թե՛ սփյուռքի համայնքներում լինի համերաշխ ու միասնական արդի աշխարհի մարտահրավերների դեմ։
Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված, որպեսզի պատերազմները ողջ աշխարհում դադարեն լինել ազգերի եւ պետությունների միջեւ խնդիրները կարգավորելու ճանապարհ։
Մեր ժողովրդի սպասում է միջազգային հանրությունից, որ հարգվեն Արցախի մեր զավակների արդար իրավունքները և Արցախն ապրի ազատ ու անկախ, ապահով և առաջընթաց կյանքով։
Խունկ և օրհնություն մեր հերոս զավակների անմահ հիշատակին», - ասաց Վեհափառ Հայրապետը։