Կատարվեց հոգեհանգիստ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով

Կատարվեց հոգեհանգիստ  Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով 19.01.2020

Հունվարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Ս. Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

Իր քարոզում Հայր Սուրբը խոսեց օրվա ընթերցվածքի խորհրդի շուրջ, նաև անդրադարձ կատարեց Բաքվում և Սումգայիթում 30 տարի առաջ հայության դեմ իրագործված ոճրագործությանը՝ ի մասնվորի նշելով. «Հարության հավատքով է ապրել և գոյատևել մեր ժողովուրդը՝ ամեն անգամ փյունիկի նման հառնելով մոխիրներից ու թշնամու վայրագություններից։ Ճիշտ 30 տարի առաջ՝ այս օրերին, երբեմնի հայաշատ Բաքվում, իսկ դրանից առաջ էլ Սումգայիթում ադրբեջանական իշխանությունների թույլտվությամբ և աջակցությամբ տեղի ունեցան մեր հայրենակիցների կազմակերպված տեղահանությունն ու ջարդերը, շատերը զոհվեցին, իսկ փրկվածները՝ ունեզրկվեցին։ Անկասկած, ապագայում նման երևույթները բացառելու գրավականը Հայրենիքի շուրջ համախմբումն է, հայոց պետականության ամրապնդումը, միասնականության ոգու և համերաշխության զորացումն ամենքիս միջև` ի կատարումն մեր փայփայած նվիրական երազների ու իղձերի»:

Քարոզից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ Բաքվում և Սումգայիթում իրականացված ջարդերի 30-րդ տարելիցի առիթով: Հոգևոր դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգու խաղաղության և հանգստության համար: