Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Աստվածաշնչյան ընկերության Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի բաժնի գլխավոր քարտուղարին
Մարտի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Աստվածաշնչյան ընկերության Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի բաժնի գլխավոր քարտուղար դոկտ. Միլեր Միլոյին:
Նորին Սրբությունը, ողջունելով դոկտ. Միլոյի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, բարձր գնահատեց Աստվածաշնչյան ընկերության գործունեությունը:
Իր հերթին դոկտ. Միլոյը, անդրադառնալով 1990թ. ի վեր ընկերության գործունեությանը Հայաստանում, առանձնապես կարեւոր նկատեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հետ համագործակցությունը: Վերջինիս վկայությունն է այն, որ դեռեւս անցած տարվանից Ամենայն Հայոց Հայրապետի հանձնարարությամբ Հայաստանի Աստվածաշնչյան ընկերությունը հանձն է առել Սբ. Գրքի արեւելահայերեն հրատարակության վերանայման եւ հրապարակման աշխատանքները:
Հանդիպման ընթացքում մտահոգություն հայտնվեց քրիստոնեական տարբեր աղանդների կողմից իրենց քարոզչությանը հարմարեցված, աղավաղված տարբերակով Աստվածաշնչի հրապարկման եւ տարածման առնչությամբ, ինչը շփոթ ու թյուրըմբռնում է առաջացնում ժողովրդի մոտ: