Ծաղկազարդի կիրակի Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Խարբերդի մանկատուն
Ապրիլի 9-ին, Ծաղկազարդի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Ծաղկազարդի տոնը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է նաեւ Մանուկների օրհնության օր: Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բաշխեց մանկատան 240 սաներին, ովքեր զրկված են եկեղեցական արարողություններին մասնակցելու հնարավորությունից:
Մանկատանը Վեհափառ Հայրապետին դիմավորեցին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Աղվան Վարդանյանը, մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը, մանկատան աշխատակազմը: Նրանց ուղեկցությամբ Վեհափառ Հայրապետը նախ այցելեց այն մանկասենյակները, որոնց փոքրիկ բնակիչները տեղաշարժվելու հնարավորություն չունեն: Նորին Սրբությունը իր օրհնությունը բաշխեց բոլոր երեխաներին` ընծայելով նրանց փոքրիկ խաչեր:
Տոնի առիթով կազմակերպվել էր նաեւ փոքրիկ հանդիսություն, որի ընթացքում Հայոց Հայրապետին ողջունեց մանկատան տնօրենը: Նա նշեց, որ Հայրապետական օրհնությունն օգնելու է երեխաներին իրենց ֆիզիկական դժվարությունները ավելի հեշտությամբ տանելու:
Հանդիսության ընթացքում մանկատան երեխաներին համերգային ծրագրով ողջունեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ ՀԲԸՄ-ի Նոր Նորքի հայորդյաց տան սաները: Հյուրերին իրենց երաժշտական ունակությունները ցուցադրեցին նաեւ Խարբերդի սաները:
«Մենք ցանկություն ունեցանք այցելելու Խարբերդի մանկատուն, որովհետեւ գիտեինք, որ այստեղ ունենք հարազատ զավակներ, ովքեր հնարավորություն չունեն Եկեղեցու արարողություններին մասնակից դառնալու եւ Եկեղեցու ու հայ հոգեւորականի օրհնությանն արժանանալու: Եկանք, որպեսզի ավելիով բերենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայ Եկեղեցու օրհնությունը այս հարկի տակ բնակվող մեր զավակներին»,- ասաց Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց մանկատան ողջ պաշտոնեությանը: «Մենք գիտենք, սիրելիներ, որ Քրիստոսի քարոզության առանցքային գաղափար սիրո գաղափարն է, գիտենք, որ Աստուած սիրով արարեց աշխարհը եւ այդ սիրուց առաջնորդված մարդու փրկության համար Իր Որդուն ուղարկեց աշխարհ: Սերը գերագույնն է Աստուծո տնօրինության մեջ, սերը գերագույնն է մարդկային կյանքում»,- նշեց Վեհափառ Հայրապետը` մաղթելով, որ Տերը զորացնի մանկատան սպասավորներին, պարգեւի անհուն սեր ու համբերություն, որպեսզի կարողանան իրենց հոգու ջերմությունը փոխանցել երեխաներին եւ թեթեւացնել կյանքից նրանց հասած հարվածները:
Հանդիսության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց մանուկների օրհնության կարգ:
Հայորդյաց տան սաներն իրենց հասակակիցներին բաժանեցին նախապես պատրաստված նվերները: