Ի Տեր ննջեց Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը

Ի Տեր ննջեց Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը 19.12.2022

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 18-ին, կյանքի 92-րդ տարում, ԱՄՆ-ում վախճանվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ սպասավոր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը:

Բազմավաստակ Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայոց Եկեղեցու համար։ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ու Մայր Աթոռի ողջ միաբանությունը սգում են հոգելույս Տ․ Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար։

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

Տ. ՎԱՉԵ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերաշնորհ Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը (ավազանի անունը` Հովսեփ) ծնվել է 1930 թ. հունիսի 11-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Նախնական կրթությունը ստացել է տեղի Մեսրոպյան հայկական ազգային վարժարանում: Վարժարանն ավարտելուց հետո ընդունվել է Անթիլիասի Դպրեվանք:

1951 թ. հունիսի 24-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Դերենիկ եպսիսկոպոս Փոլադյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Ձեռնադրությունից հետո պաշտոնավարել է Դպրեվանքում որպես տեսուչի օգնական և դաստիարակ:

1953 թ. մեկնել է Շոտլանդիա ուսանելու Էդինբուրգի համալսարանում: Ակտիվ գործունեություն է ծավալել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի երիտասարդական շարժման շրջանակում՝ մասնակցելով մի շարք էկումենիկ համաժողովների:

1956 թ. նշանակվել է Նյու Ջերսի նահանգի (ԱՄՆ) Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ: Ուսումը շարունակել է Ռուտգերսի Նյու Բրունսվիք աստվածաբանական ճեմարանում՝ ստաալով աստվածաբանության բակալավրի աստիճան:

1967 թ. նշանակվել է Կանադայի թեմի Առաջնորդական փոխանորդ, ստեղծել նոր ծխեր, պատրաստել Կանադայի Հայոց թեմի կանոնադրության նախաշավիղը` համապատասխանեցնելով Կանադայի կառավարության պահանջներին:

1967 թ. հոկտեմբերին, ձեռամբ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս:

1971 թ. մարտին ընտրվել է Հյուսիսային Ամերիկայի Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ՝ ծառայելով շուրջ 32 տարի, որի ընթացքում հաստատել է 13 նոր ծխեր։
1976 թ. ձեռնադրության 25-ամյակի առթիվ Վազգեն Ա Հայրապետի կոնդակով արժանացել է արքության պատվի:

1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո, ԱՄՆ Արևմտյան թեմում հաստատել է որբերի հիմնադրամ։ Սրբազան Հոր անմիջական նախաձեռնությամբ ԱՄՆ Արևմտյան թեմը վերակառուցել է Ստեփանավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ դպրոցը։ Իսկ Փասադենայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից հիմնվել է Ալֆրեդ և Մարգարիտ Հովսեփյան ամենօրյա հայկական վարժարանը։

1997 թ․ Վաչե Սրբազանը երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայ Եկեղեցու կանոնադրության պատրաստման հանձնախմբի նախագահ: Կանոնադրության նախաշավիղը ավարտվել է 2002 թ.:

2003 թ. Վաչե Սրբազանը 32 տարվա բեղուն առաջնորդական գործունեությունից հետո անցել է վաստակած հանգստի:

Սրբազան Հայրը հոգևոր սպասավորության ընթացքում արժանացել է բազում կոչումների և պարգևների։