Ի Տեր ննջեց Տ. Զարեհ ծայրագույն վարդապետ Պարոնյանը

Ի Տեր ննջեց Տ. Զարեհ ծայրագույն վարդապետ Պարոնյանը 13.04.2017

Ռումինիայի Հայոց թեմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին տեղեկացվել է, որ ապրիլի 13-ի առավոտյան` կյանքի 76-րդ տարում, վախճանվել է Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զարեհ ծայրագույն վարդապետ Պարոնյանը:

Վաստակաշատ Հայր Զարեհի վախճանը մեծ ցավ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են բարեհիշատակ Զարեհ ծայրագույն վարդապետի մահը:

Ապրիլի 19-ին, Բուխարեստի Ս. Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցում, հընթացս Ս. Պատարագի կկատարվի Հայր Զարեհի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Տ Զարեհ ծայրագույն վարդապետ Պարոնյանը (ավազանի անունը` Հակոբ) ծնվել է 1941 թ. հոկտեմբերի 2-ին Բուխարեստում (Ռումինիա):

Նախնական կրթությունը ստացել է Բուխարեստի Հայկական վարժարանում (1948-1955 թթ.):

1955-1959 թթ. սովորել է Երևանի Մանկավարժական ուսումնարանում:

1961 թ. ընդունվել է Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան, որի լսարանական բաժինն ավարտել է 1965 թ.:

1963-1964 թթ. սովորել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Զագորսկի հոգևոր ակադեմիայում և պաշտպանել ավարտաճառ`«Ստեփանոս Վարդապետ Լեհացի. կյանքն ու գործը» թեմայով:

1963 թ. սեպտեմբերին Ս. Էջմիածնում ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի:

1965 թ. հունվարին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Գերաշնորհ Տ. Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանի:

1967-1970 թթ. ուսանել է Բուխարեստի Աստվածաբանական ակադեմիայում:

1969 թ. հուլիսին վարդապետական աստիճանի համար պաշտպանել է ավարտաճառ` «Հովսեփ արքեպիսկոպոս Արղության. կյանքն ու գործը» թեմայով:

1971 թ. ծայրագույն վարդապետության աստիճանի համար պաշտպանել է ավարտաճառ`«Տեղական ժողովները և իրենց տեղն ու նշանակությունը Հայ Եկեղեցու Կանոնադրության մեջ» թեմայով:

1976 թ. ստացել է Աստվածաբանության դոկտորի աստիճան` պաշտպանելով ավարտաճառ` «Հայ Եկեղեցու Պատարագը Արևելյան մյուս եկեղեցիների պատարագների շարքում» թեմայով:

1965-2001 թթ. եղել է Բուխարեստի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ:

1973-2001 թթ. սպասավորել է Ռումինիայի հայոց թեմում որպես առաջնորդական փոխանորդ:

Զարեհ ծայրագույն վարդապետը հեղինակ է բազում հոդվածների և ուսումնասիրությունների, արժանացել տարբեր մրցանակների: