Ի Տեր հանգչեց Տ. Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյանը
Ցավով տեղեկացնում ենք, որ ապրիլի 26-ին, Փարիզում կյանքի 88-րդ տարում, վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյանը:
Սրբազան Հայրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդաստանի բազմավաստակ մշակ էր, ով տասնամյակներ շարունակ իր նվիրյալ ծառայությունն է բերել Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եկեղեցականաց դասը սգում են բազմավաստակ Սրբազան Հոր մահը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
Կենսագրական
Գերաշնորհ Տ. Գյուտ եպիսկոպոս Նագգաշյանը (ավազանի անունը՝ Հովհաննես) ծնվել է 1933թ. Հալեպում (Սիրիա): Նախնական կրթությունը ստացել է տեղի Կիլիկյան վարժարանում:
1948թ. ուսանել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Դպրեվանքում:
1955թ. ձեռնադրվել է կուսակրոն հոգեւորական:
1955-1960թթ. ուսուցչական պաշտոններ է վարել Բեյրութի Թեքեյան, Սահակյան եւ Նոր Բարձրագույն վարժարաններում: Այս ընթացքում, հովվական ծառայություն է կատարել Բեյրութի և Կիպրոսի հայկական եկեղեցիներում:
1958թ. Ս. Էջմիածնում ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճանները:
1960թ. նշանակվել է Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ մայր եկեղեցու հոգեւոր հովիվ:
1965թ. ստացել է ծայրագույն վարդապետության կոչում:
1973թ. սեպտեմբերի 30-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստացել է եպիսկոպոսական օծում եւ ձեռնադրություն:
1984թ. Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ:
2009թ. անցել է վաստակած հանգստի: