Ի Տեր հանգյավ Գերաշնորհ Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 13-ին, կյանքի 79-րդ տարում երկարատեւ ծանր հիվանդությունից հետո վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբան, Երեւանի Պետական Համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը:
Գերաշնորհ Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը ծնվել է Հալեպ քաղաքում 1926թ.: Նախնական կրթությունն ստացել է տեղի Հայկազյան վարժարանում եւ այնուհետեւ, 1937-1939թ.թ., Մխիթարյան հայրերի վարժարանում:
1939-1949թ.թ. հաճախել է Հալեպի Ֆրերների դպրոցը, որի ընթացքը փայլուն հաջողությամբ ավարտելով, նույն տարին ընդունվել է Անթիլիասի դպրեվանքը եւ ձեռնադրվել սարավագ:
Ավարտելով դպրեվանքի ընծայարանի լսարանական բաժինը` 1947թ. կուսակրոն քահանա է ձեռնադրվել հոգելույս Տ. Դերենիկ եպս. Փոլատյանի ձեռամբ:
1947-1950թ.թ. հետեւել է Բրյուսելի համալսարանի գրականության եւ փիլիսոփայության դասընթացներին եւ ավարտել է` ստանալով գրականության եւ փիլիսոփայության պսակավորի աստիճան:
Այնուհետեւ ձեռնահասորեն դասավանդել է Անթիլիասի դպրեվանքում եւ Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան միջնակարգ դպրոցում, իսկ 1952-1956թ.թ. ` Մեծի Տանն Կիլիկիո Աթոռի դիվանապետությունը:
1965-1994թ.թ. եղել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ, ուր վարել է դիվանապետի եւ կալվածոց տեսչի պաշտոնները: Երկար տարիներ եղել է նաեւ Ս. Աթոռի նվիրակը Ս. Հարություն տաճարի նորոգության հանգանակության գործում:
Գերաշնորհ Տ. Շահե արք. Աճեմյանը աշխատակցել է նաեւ «Սիոն» ամսագրին կրոնագիտական եւ պատմափիլիսոփայական արժեքավոր ուսումնասիրություններով:
1965թ. նոյեմբերի 7-ին եպիսկոպոս է ձեռնադրվում Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ:
Աստվածաշնչի հայկական թարգմանության եւ կանոնի ուսումնասիրման նպատակով` 1982թ. Երուսաղեմում հիմնում է Ձիթենյաց լեռան Հայ Աստվածաշնչի կենտրոնը:
1975-1985թթ. լինելով Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամ գործուն մասնակցություն է ունեցել Հայոց Եկեղեցու, Մայր Աթոռի եկեղեցա-կազմակերպչական, քարոզչական գործունեությանը, ինչպես նաեւ դասախոսություններով հանդես է եկել Գեւորգյան հոգեւոր ճեմարանում եւ Վազգենյան դպրանոցում, նպաստել Հայոց Եկեղեցու միջազգային կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:
1994թ. Շահե արք. Աճեմյանը տեղափոխվել է Հայրենիք, ուր 1995թ. Երեւանի Պետական Համալսարանի կազմում կյանքի է կոչել աստվածաբանության Ֆակուլտետը` հիմնելով եւ «Աճեմյան մատնաշարը»:
Շահե Սրբազանը հայտնի է իր գիտական-մանկավարժական գործունեությամբ եւ հեղինակ է մի շարք աշխատությունների եւ հոդվածների:
Բազմավաստակ Սրբազան Հոր մահը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Երեւանի Պետական Համալսարանի համար:
Յիշատակ արդարոյն օրհնութեամբ եղիցի:
Հանգուցյալ Սրբազանի հուղարկավորության արարողությունների մանրամասների մասին կծանուցվի առաջիկային: