Էջմիածնի մանուկների համար բացվեց նոր խաղահրապարակ

Էջմիածնի մանուկների համար բացվեց նոր խաղահրապարակ 30.09.2003

Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հարեւանությամբ, Ներսիսյան անտառում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ ընդարձակ խաղահրապարակի հանդիսավոր բացումը:

Ամերիկահայ բարերարներ տեր եւ տիկին Հարոլդ եւ Ջոզեֆին Գուլամերյանների հովանավորությամբ եւ «Գուլամերյան հիմնադրամի» նախագահ Մայքլ Հարաթունյանի ջանքերով կառուցված բացօթյա խաղահրապարակում մանուկների հանգստի համար ստեղծված են հրաշալի պայմաններ:

Նորին Սրբությունը, Էջմիածնի քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը եւ տիար Մայքլ Հարաթունյանը հատեցին խաղահրապարակի մուտքը երիզող ժապավենը, որից հետո կատարվեց օրհնության հատուկ կարգ: Արարողության ավարտին Հայոց Հայրապետն իր գնահատանքի խոսքն ուղղեց մեծազնիվ բարերարներին, Էջմիածնի քաղաքային իշխանություններին եւ ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ Արք. Պարսամյանին, որոնք իրենց անմիջական ներդրումն ու աջակցությունն են բերել խաղահրապարակի շինությանը: «Վստահ ենք, որ այս խաղահրապարակը պիտի մեծ ուրախություն պատճառի Էջմիածին քաղաքի մանուկներին, եւ նրանց շուրթերով պիտի օրհնվեն բոլոր այն անձինք, որ նպաստեցին այս խաղահրապարակի կառուցմանը»,-նշեց Վեհափառ Հայրապետը:

Բացման արարողությունից հետո ներկաներն ունկնդրեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ ՀԲԸՄ-ի հովանու ներքո գործող Հայորդաց տների սաների համերգային ծրագիրը:

Խաղահրապարակի բացմանը ներկա էին նաեւ Մայր Աթոռի միաբաններ, ԱՄՆ Արեւելյան թեմից Հայաստան ժամանած ամերիկահայ ուխտավորներ եւ Էջմիածին քաղաքի բնակիչներ: