Զաքքա պատրիարքը այցելեց Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոց
Երեքշաբթի, հոկտեմբեր 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Անտիոքի եւ Համայն Արեւելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ. Մար Իգնատիոս Զաքքա Առաջինը երկու եկեղեցիների բարձրաստիճան հոգեւորականների ուղեկցությամբ այցելեցին Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոց: Վանական համալիրի մոտ հյուրերին ողջունեց եւ դիմավորեց դպրանոցի տեսուչ Տ. Բագրատ վրդ. Գալստանյանը:
Հայաստան այցի վերջին օրը Զաքքա պատրիարքը Վեհափառ Հայրապետի ուղեկցությամբ շրջեց վանական համալիրի տարածքում: Վեհափառ Հայրապետը Զաքքա պատրիաքին ներկայացրեց հոգեւորականներին, դասախոսական կազմին եւ ճեմարանակններին: Տ. Բագրատ վրդ. Գալստանյանը համառոտ ներկայացրեց Սեւանի հնադարյա վանքի եւ 1990 թ. դպրանոցի հիմնադրման պատմությունը:
Ճեմարանի սաները համերգից հետո Զաքքա պատրիաքն իր ուղերձը հղեց ուսանողությանը: Իր խոսքում Զաքքա պատրաիքը մասնավորապես ասաց. «Այս ճեմարանը ոչ միայն ձեր Եկեղեցու ապագան է, այլ նաեւ` հույսը: Երբ Նորին Սրբություն Գարեգին Երկրորդը դեռեւս Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդն էր, ունեցավ տեսիլքն ու իմաստնությունը` Վազգեն Ա կաթողիկոսի օրհնությամբ, ում անվամբ էլ այսօր կոչվում է դպրանոցը, հիմնել այս հաստատությունն այս գեղեցիկ ու խաղաղ լճի ափին: Հետեւելով ձեր տեսուչին եւ ուսոցիչներին, լավ սովորեցեք, որպեսզի օրերից մի օր մենք հպարտությամբ նայենք ձեզ` որպես առաջնորդներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու»:
Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոց այցելությունից հետո երկու հայրապետները վերադարձան Մայր Աթոռ Ս. Էջմիածին` հրաժեշտի ճաշկերութի: Հոկտեմբերի 22-ի երեկոյան, ավարտելով պաշտոնական այցը Սբ. Էջմիածին, Զաքքա պատրիաքը վերադարձավ Սիրիա: