Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, ԳԴՀ-ում արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությանը
Փետրվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնիի գլխավորած պատվիրակությանը։
Նորին Սրբությունը, անդրադառնալով հայ-կանադական բարեկամական հարաբերություններին, իր երախտագիտությունը հայտնեց Կանադայի իշխանություններին Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավարման գործում ներդրած ջանքերի համար։
Վեհափառ Հայրապետը, անդրադարձ կատարելով 44-օրյա պատերազմին, ընդգծեց, որ ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո էլ ադրբեջանական կողմը շարունակում է ոտնձգություններ կատարել Արցախի պատմական, հոգևոր և մշակութային հուշարձանների նկատմամբ։ Այս առիթով Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ Կանադան ևս միջազգային հարթակներում ջանքեր կգործադրի ադրբեջանական վերահսկողության ներքո անցած հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության առնչությամբ:
Իր հերթին Եվրոպական Միությունում հատուկ բանագնացը, շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար, հետաքրքրվեց Արցախի հոգևոր–մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված Մայր Աթոռի ծրագրերի մասին։ Այս առումով, Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկություններ փոխանցեց դեսպանին Մայր Աթոռում ստեղծված Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի գործունեության վերաբերյալ:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով դեսպանին, բարեմաղթեց արդյունավոր առաքելություն: