Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Սուրբ Տրդատի բաց խորանում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճանի արժանացան Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանը և Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը:
Արարողությունների առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ուխտավորներ Գերմանիայի Հայոց թեմից, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից և Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի Հայրապետական պատվիրակությունից, ինչպես նաև Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, հիշյալ երկրների միջեկեղեցական կառույցների պատվիրակներ:
Նախորդ օրը կեսօրին Միածնաէջ Մայր Տաճարում` Իջման Սուրբ Սեղանի առջև, կատարվեց ուխտադրման արարողությունը: Եպիսկոպոսացու վարդապետները, ծնրադիր վերահաստատելով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին հավատարմության ուխտը, եկեղեցականների ներկայությամբ ստորագրեցին իրենց երդմնագրերը:
Նույն օրը երեկոյան Բաց խորանի առջև կատարվեց ընծայման կարգը` ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը: Արարողությանը վարդապետների արժանավորության մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի առջև վկայեցին Հայ Եկեղեցու ներկայացուցիչներ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Ավստրիայից` դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաև հավատավոր ժողովուրդը ներկայացնող աշխարհականներ:
Մայիսի 12-ին Սուրբ Պատարագը սկսվեց Հայրապետական հանդիսավոր թափորով, որով ամպհովանիի ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անտիոքի ու Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքն առաջնորդվեցին դեպի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ սկսվեց Սրբազան Խորհուրդը:
Առընթերականերն էին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, խարտավիլակն էր Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Մայր Տաճարի երգչախումբը ղեկավարեց խմբավար Խորեն Մեխանեջյանը:
Պատարագի սրբազան արարողության ընթացքում Հայոց Հովվապետը շարունակեց ընծայացուների համար իր աղոթքներն ուղղել առ Աստված` հայցով` «անխոտոր և անսայթաք ընթանալ ի վարդապետութեան հաւատոյ և պատուիրանաց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ»: «Աստվածային և երկնային շնորհ» շարականի երգեցողության ներքո վարդապետները, ծնկի եկած վեր բարձրացնելով իրենց ձեռքերը, հերթական անգամ հրաժարվեցին աշխարհից:
Այնուհետև Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը հանդիսավոր թափորով Ս. Խորան բարձրացրեց Սրբալույս Մյուռոնը, որով Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, եպիսկոպոսության կոչելով Սերովբե, Դանիել և Տիրան վարդապետներին, օծեց նրանց ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները:
Արարողության ավարտին նորաօծ եպիսկոպոսներին հանձնվեցին նաև իրենց եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը` եպիսկոպոսական գավազան ու մատանի:
Հիշարժան այս օրվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա հավատավոր ժողովրդին ներկայացրեց նորաօծ եպիսկոպոսներին, ապա վերջիններին ուղղեց իր հայրապետական պատգամը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՊԱՏԳԱՄԸ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
«Հոգի Տեառն ի վերայ իմ, վասն որոյ եւ էօծ իսկ զիս,
աւետարանել աղքատաց առաքեաց զիս, բժշկել զբեկեալս
սրտիւք, քարոզել գերեաց զթողութիւն եւ կուրաց տեսանել»
(Եսայի ԿԱ 1-2)
Սիրելի՛ հավատավոր զավակներ Մեր,
Այսօր վերստին Հոգեգալուստ է մեր Եկեղեցում Սուրբ Հոգու արփիափայլ շնորհների հեղումով։ Մեծ ուրախություն ենք ապրում ամենքս եպիսկոպոսական ձեռնադրության և օծման սրբազան արարողության առիթով։
Եսայու մարգարեության խոսքի հիշատակումով Փրկիչը սահմանում է եկեղեցականի ծառայության մարգարեական ու առաքելական կոչումները. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու և կույրերին տեսողություն...» (Ղուկ. Դ 18-19)։ Արդարև, առաքելական կոչման շարունակողն է եպիսկոպոսը, ձեռնադրության խորհրդով տերունապատվեր սպասավորության շնորհը փոխանցողը, Սուրբ Հոգով կարգված հոգևոր տեսուչը հավատացելոց, նախանձախնդիր պահապանը ուղղափառ վարդապետության և սրբազան ավանդության, մշտարթուն ծառայողը` ի խնդիր Եկեղեցու պայծառության, ժողովրդի անաղարտ հավատքի զորացման։ Հոգևոր սպասավորության բարձր պատասխանատվություն ստանձնելով՝ եպիսկոպոսը հետևողն ու օրինակողն է մեր Փրկչի, ով Իր երկրավոր առաքելության ժամանակ ապրեց մարդկանց կենաց խոսքը ավետարանելու, հոգևոր քաղցը հագեցնելու, մեղքի գերության տակ գտնվողներին սփոփելու և ազատագրելու, կյանքի գայթակղություններից կուրացածներին նոր, հոգևոր տեսողություն պարգևելու մարդասեր ծառայությամբ։ Սուրբ Պողոս առաքյալի պատգամը հաստատումն է եպիսկոպոսի նկարագրի և գործունեության. «Եպիսկոպոսը պետք է անբասիր լինի, որպես Աստծու տնտես. ոչ հանդուգն, ոչ բարկացող, ոչ անարգող, ոչ կռվարար, ոչ շահասեր, այլ՝ հյուրասեր, բարեսեր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ, ամուր կապված վարդապետության հավատի խոսքին, որպեսզի կարողանա հորդորել ողջամիտ վարդապետությամբ» (Տիտ. Ա 7-9): Հիրավի, եպիսկոպոսի առաջնորդության ներքո են արդյունավորվում հովվական բարեխնամ առաքելությունը, Սուրբ Գրքի կենարար խոսքի մատռվակումը հավատացյալներին, վարչական գործառույթները եկեղեցական կյանքի: Արդարև, Տիրոջը հետևելու և նրա առաքելության լուծն առնելու հանձնառությունը շնորհ է՝ գործելու և արարելու հանուն հավատավոր ժողովրդի փրկության և հոգևոր մխիթարության:
Մեր պատմությունը հարուստ է սրբակյաց ու անձնդիր վարքով հռչակված եպիսկոպոսների մասին վկայություններով, ովքեր բարի օրինակներ են թողել իրենց առաքելական քաջեռանդ ծառայության։ Նրանց կորովի առաջնորդությամբ է քրիստոսասեր մեր ժողովուրդը վկայել Փրկչին հետևելու իր անդրդվելի նվիրումի մասին, ստեղծել մշակույթ, գիր ու դպրություն, կերտել վանք ու եկեղեցի, անաղարտ պահել քրիստոնեական ինքնությունն ու արժեհամակարգը, դիմագրավել ժամանակների մարտահրավերներին։ Եվ այսօր էլ նույնն է սպասումը եպիսկոպոսներից՝ անհոգնաբեկ ջանքեր գործադրել, որպեսզի հայորդիք առավել հաղորդակից լինեն եկեղեցական մեր սրբություններին, սրբազան ավանդույթներին, վերարժևորեն մեր անգին հոգևոր ժառանգությունը, մոլորեցնող ուսմունքների ազդեցությամբ չշեղվեն ճշմարտությունից, անսայթաք ընթանան Քրիստոսի պատվիրանների համաձայն, պահպանեն լուսավորչահաստատ հավատքը, ապրեն քրիստոնեական բարձր արժեքներով, ընթանան փրկության ճանապարհներով՝ ամուր առ Աստված և առ հայրենին սիրո ու նվիրումի մեջ:
Սիրելի՛ հավատավոր զավակներ, այսօր եպիսկոպոսության աստիճան ստացած եկեղեցականներն իրենց գովելի սպասավորությամբ վաստակել են հավատավոր հայորդիների սերն ու հարգանքը: Գոհունակությամբ ենք անդրադառնում նորաօծ Սրբազանների տարիների եկեղեցանվեր ու ազգասեր գնահատելի ծառայությանը, թեմերից և համայնքներից Մեր բարեպաշտ հայորդիների բարի վկայություններին, ինչպես նաև փափագին՝ նրանց արժանացած տեսնելու եպիսկոպոսական բարձր ու պատասխանատու աստիճանին: Ուրախությամբ ձեզ ենք ներկայացնում եպիսկոպոսացյալ մեր սիրելի հոգևոր հայրերին:
Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան – ծնվել է Իրանում, սովորել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, իր ծառայությունները բերել Մայր Աթոռում, Միջին Ասիայի հայ համայնքներում, ապա երկար տարիներ հոգևոր սպասավորությունը շարունակել Գերմանիայի Հայոց թեմում։ 2018 թ. ապրիլին Գերմանահայոց թեմի պատգամավորական ժողովի ընտրությամբ կոչվել է թեմակալ առաջնորդի պաշտոնին։
Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյան – ծնվել է ԱՄՆ-ում, սովորել Նյու Յորքի պետական համալսարանում, Սբ. Ներսես ընծայարանում, Սբ. Վլադիմիր օրթոդոքս ճեմարանում, ապա Հռոմի Պապական արևելագիտության ինստիտուտում: Նա տարիներ շարունակ իր հոգևոր ծառայությունն է իրականացրել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում և 2018 թ. մայիսին ընտրվել նույն թեմի առաջնորդ։
Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյան – ծնվել է Հայաստանում, հոգևոր կրթությունն ստացել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում և Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա բարձրագույն աստվածաբանական իր կրթությունը շարունակել Վիեննայի կաթոլիկ համալսարանում։ Նա, որպես փոխտեսուչ, իր ծառայությունն է բերել Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա Կենտրոնական Եվրոպայի հայ համայնքներում, 2013 թվականից սպասավորում է որպես Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ։
Նորաօծ մեր Սրբազանները միասիրտ և միախորհուրդ ուխտեցին «անխոտոր և անսայթաք ընթանալ ի վարդապետութեան հաւատոյ և պատուիրանաց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ»: Սիրելի՛ Սրբազաններ, մաղթում ենք, որ մարգարեական նախանձախնդրությամբ, առաքելական հաստատակամությամբ, Տիրոջ խոսքը մատռվակող ավետարանիչների քաջեռանդությամբ, մեր երանելի սուրբ հայրերի լուսաշավիղ օրինակով միշտ ժրաջան իրականացնեք ձեր առաքելությունը, որպեսզի հավետ շեն ու պայծառ լինի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, մխիթարությամբ սփոփյալ՝ սրտերն ու հոգիները հավատավոր Մեր սիրելի զավակների: Մեր հորդորն ու պատգամն է, որ հաստատուն պահեք ձեր ուխտը, գործեք և ծառայեք մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի լույս օրինակով և ձեր ազգօգուտ ու եկեղեցանվեր գործերին հավելեք նորանոր ձեռքբերումներ:
Աղոթքով առ Աստված Տիրոջ մշտական զորակցությունն ենք հայցում ձեզ։ Ձեր բարձր առաքելության մեջ թող ձեզ զորավիգ լինեն Հայոց Սուրբ Եկեղեցու հիմնադիրներ Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների, մեր պատվական Հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի և բոլոր սուրբ հայրերի բարեխոսական աղոթքները։ Թող Ամենակալ Տերը միշտ խաղաղ ու բարեշեն պահի մեր Մայր հայրենիքը, պայծառ ու անսասան՝ մեր Սուրբ Եկեղեցին և Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո՝ համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին։
Շնորհք, սէր և ողորմութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն:
Հայրապետական պատգամից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ներկա եկեղեցականները և Քույր Եկեղեցիների պատվիրակները, մոտենալով Սերովբե, Դանիել և Տիրան Սրբազաններին, համբուրեցին նրանց աջը և ճակատը` ստանալով նրանցից առաջին եպիսկոպոսական «Ողջույնը», և շնորհավորեցին ձեռնադրության ու օծման առիթով:
Ս. Պատարագի ավարտին եպիսկոպոսության կանչվելու առիթով նորընծաներին Խորանի առջև շնորհավորեց նաև հավատավոր ժողովուրդը:
Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսները կմատուցեն ուխտի իրենց պատարագները: