Եպիսկոպոսական ձեռնադրություն` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Հունիսի 22-ին, Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնին« Սբ. Էջմիածնի Մայր Տաճարում Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն: Հընթացս Սբ. պատարագի, ձեռամբ Ամենայն Հայոց Հայրապետի եպիսկոպոսներ ձեռնադրվեցին եւ օծվեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն վրդ. Միրզախանյանը եւ Կանադայի թեմի նորընտիր առաջնորդ Տ. Բագրատ վրդ. Գալստանյանը:
Նախորդ օրը` հունիսի 21-ին« երեկոյան ժամերգության ընթացքում Իջման Սբ. Սեղանի առջեւ ընծայացուները հանդիսավոր կերպով ընթերցեցին եւ ստորագրեցին երդումնագրեր` ի հավատարմություն իրենց եպիսկոպոսական ուխտին եւ Ամենայն Հայոց կաթողիկոսությանը:
Կիրակի« պատարագիչ Վեհափառ Հայրապետը, թափորով առաջանորդվեց Մայր Տաճար, ուր Սբ. Ստեփանոսի խորանին տեղի ունեցավ ընծայացու եպիսկոպոսների հավատքի ուղղափառության քննություն:
Ըստ ընդունված կարգի եկեղեցական նվիրապետական աստիճանների ներկայացուցիչներ` դպիրներ« սարկավագներ« քահանաներ« ինչպես նաեւ ժողովրդի տարբեր խավերը ներկայացնող երկուական աշխարհականներ, մոտենալով Վեհափառ Հայրապետին« իրենց վկայությունը բերեցին ձեռնադրվող եպիսկոպոսների մասին: Ապա Նորին Սրբությունը հաստատեց ընծայացուների վկայագրերը եւ նրանց շնորհեց եմիփորոններ:
Սբ. պատարագը շարունակվեց Մայր Տաճարի Ավագ Խորանին: Ընծայացուները ծնկաչոք դառնալով դեպի հավատացյալ ժողովուրդը« վեր բարձրացրեցին ձեռքերն` ի նշան բոլորանվեր ծառայության:
Ընթերցելով աղոթքներ Ձեռնադրության Մաշտոցից` Նորին Սրբությունը նրանց վարդապետությունից կոչեց եպիսկոպոսության: Վեհափառ Հայրապետը սրբալույս մյուռոնով օծեց ընծայացուների ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները, ապա նրանց հանձնվեցին նաեւ եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը` եպիսկոպոսական գավազաններ ու մատանիներ: Օծման ավարտին Վեհափառ Հայրապետը իր պատգամը ուղղեց նորաօծ եպիսկոպոսներին:
«Ձեզ վստահված ժողովուրդն է գանձը Ձեր եւ այնտեղ են Ձեր սրտերը: Հիրավի, արժեքների փլուզման ու կորստի, բայց միաժամանակ, արժեքների վերագտնումի ու հոգեւոր զարթոնքի մեր ժամանակներում սիրտ է պետք, սիրող, զոհաբերվող, Քրիստոսասեր սիրտ, որ սրտեր բոցավառի, հոգիներ ներշնչի ու առաջնորդի: Նոր խոսքեր չէ, որ պիտի ասեք, նոր ճանապարհ չէ, որ պիտի ցույց տաք, բայց Ձեր կյանքով ու բարյաց գործերով Ավետարանի խոսքը պիտի նորանա եւ հավատի ճանապարհը պիտի նորոգվի այն թեմերից ներս, որոնց առաջնորդներ կարգվեցիք»,- ասաց Նորին Սրբությունը: Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ նորաօծ եպիսկոպոսները` իբրեւ թեմակալ առաջնորդներ, կծառայեն իրենց հոտին` հավատարիմ պահելով նրանց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Հայրենիքին ու հայրենյաց ժառանգությանը: «Դուք, սիրելի Սրբազաններ` կրողները Սուրբ Էջմիածնի առաքելության, Սուրբ Էջմիածնով եք զորավոր, եւ Սուրբ Էջմիածինը` Ձեզնով, զավակներով իր բոլոր` մոտ ու հեռավոր: Պատմությամբ է վկայված. ով հեռանում է Սուրբ Էջմիածնից, հեռանում է ազգից, ով ուրանում է Սուրբ Էջմիածինը, ուրանում է մեր հայրերի սուրբ հավատքը, քանզի Էջմիածնադրոշմ է հայ ինքնությունը եւ Էջմիածնակերտ` հայոց հավատքը, քանզի Սուրբ Էջմիածնով նույնացած է Կամքն Աստծո եւ կամքը հայոց»,- ասաց Վեհափառ Հայրապետը:
Եկեղեցական արարողությունից հետո ի պատիվ նորընծա եպիսկոպոսների Մայր Աթոռում տեղի ունեցավ ընդունելություն: Վեհափառ Հայրապետը նորաօծ եպիսկոպոսներին հանձնեց եպիսկոպոսական պանակեներ:
Արարողությանը ներկա էին Սբ. Էջմիածնի միաբան հայրեր, բազմաթիվ հավատացյալներ, որոնց թվում` Կանադահայոց, ԱՄՆ Արեւմտյան ու Վիրահայոց թեմերից ժամանած թեմական խորհուրդների ատենապետերը եւ այլ ուխտավոր թեմականներ:
Տ. ՎԱԶԳԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ
Ծնվել է 1965թ. Էջմիածնի շրջան Արտիմեդ /նախկինում` Աթարբեկյան/ գյուղում:
1971-1982 թթ. սովորել եւ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1982թ. ընդունվել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հոգեւոր ճեմարան:
1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1989թ. ավարտել է Հոգեւոր ճեմարանը եւ նույն թվականին ձեռամբ Տ. Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:
1990թ. պաշտպանել է «Գրիգոր վարդապետ Սկեւռացու կյանքը եւ մատենագրական ժառանգությունը» թեմայով ավարտաճառը:
1991թ. ձեռամբ Տ. Ներսես արք. Պոզապալյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Նույն թվականին հրավիրվել է դասախոսելու Սբ. Էջմիածնի Հոգեւոր ճեմարանում« ինչպես նաեւ Քրիստոնեական դաստիարակության եւ քարոզչության կենտրոնում:
1993-1995թթ. եղել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին կից կիրակնօրյա դպրոցների վարիչ-տնօրեն:
1995թ. Ամենայն Հայոց Գարեգին Ա կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Քրիստոնեական դաստիարակության եւ քարոզչության կենտրոնի վարիչ-տնօրեն:
1996թ. ներկայացրել է վարդապետական թեզ «Սուրբ Գրիգոր Տաթեւացու «Հարցմանց» եւ «Ոսկեփորիկ» գրքերի հայրախոսական աղբյուրները» թեմայով եւ ստացել մասնավոր վարդապետության չորս աստիճաններ:
1999թ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ:
2002թ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդ:
2003թ. հունիսի 22-ին, Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնին, ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս:
Տ. ԲԱԳՐԱՏ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԱԼՍՏԱՆՅԱՆ
Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը (ավազանի անունով` Վազգեն) ծնվել է 1971թ. մայիսի 20-ին Գյումրիում:
1978-1988թթ. սովորել է Երեւանի թիվ 156 դպրոցում:
1988թ. ընդունվել է Սուրբ Էջմիածնի հոգեւոր ճեմարան:
1993թ. դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Տ. Անանիա եպս. Արաբաջյանի:
1994թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է հոգեւոր ճեմարանը` պաշտպանելով ավարտաճառ «Խոսրով եպիսկոպոս Անձեւացի. կենսագրական գծեր» եւ «Բացայայտութւին Կարգաց Եկեղեցւոյ. բնագիրն ու աստվածաբանությունը» թեմայով:
1995թ. հունիսի 23-ին ձեռամբ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Գեւորգյան հոգեւոր ճեմարանում դասավանդել է եկեղեցական երաժշտություն եւ Սբ. Պատարագի մեկնություն առարկաները: Աշխատակցել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի խմբագրությանը:
1996թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր: Միաժամանակ դասավանդել է Սեւանի Վազգենյան դպրանոցում:
1998թ. մեկնել է Անգլիա` ուսումը կատարելագործելու Մըրֆիլդի «Սբ. Հարություն» աստվածաբանական քոլեջում եւ Լիդզի համալսարանում:
2000թ. հուլիսին, ավարտելով ուսումնառությունը, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ վերադարձել է Մայր Աթոռ եւ օգոստոսի 1-ին նշանակվել Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսուչ:
2002թ. փետրվարին նշանակվել է Տեղեկատվական համակարգի խորհրդի նախագահ, շարունակելով տեսչի պարտականությունները:
2002թ. մարտին պաշտպանելով «Հիվանդաց օծման խորհրդի խնդիրը Հայ եկեղեցում» թեզը« ստացել է վարդապետության աստիճան:
2002թ. հոկտեմբերի 14-ից Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ:
2003թ. մայիսի 31-ին Կանադահայոց թեմի 20-րդ պատգամավորական ժողովն ընտրել է Կանադայի թեմի առաջնորդ:
2003թ. հունիսի 22-ին, Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնին, ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս: