Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ Ճեմարանի կայքէջի և «Էջմիածին» երգչախմբի նոր տեսասկավառակի շնորհանդեսը

Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ Ճեմարանի կայքէջի և «Էջմիածին» երգչախմբի նոր տեսասկավառակի շնորհանդեսը 15.05.2017

Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Ճեմարանի պաշտոնական կայքէջի (gevorgianseminary.am) և Ճեմարանի «Էջմիածին» երգչախմբի «Արևագալ» տեսասկավառակի շնորհանդեսը: Կայքէջը ստեղծվել է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

Միջոցառումը սկսվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանի ողջույնի խոսքով:

Այնուհետև ճեմարանի վերակացու Հոգեշնորհ Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության գիրը Ճեմարանի կայքէջի ստեղծման առիթով: «Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ մեր Սուրբ Եկեղեցու գործունեության մեջ այսօր գործածվում են արդի տեխնոլոգիական ձեռքբերումները՝ առավել արդյունավորելու հոգևոր քարոզչության առաքելությունը Քրիստոսասեր մեր ժողովրդի կյանքում: Գևորգյան Հոգևոր ճեմարանի կայքէջը հերթական գովարժան իրագործումն է այս ուղղությամբ, որ նաև մեծ հնարավորություն է ստեղծելու կրթօջախի դասախոսական կազմի ու սաների համար՝ լայն շրջանակներին ներկայացնելու իրենց ստեղծագործական աշխատանքի արդյունքները: Մեր գնահատանքն ենք բերում կայքէջի ստեղծման գործում ջանքեր ներդրած բոլոր անձանց և աղոթքով առ Աստված հայցում Բարձրյալի խնամքն ու զորակցությունը: Թող Տիրոջ օրհնության ներքո կայքէջի գործունեությունը արգասավորվի եկեղեցաշեն բազում ձեռքբերումներով՝ ի պայծառություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հավատավոր մեր ժողովրդի», - ասված է Նորին Սրբության օրհնության խոսքում:

Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի «Էջմիածին» երգչախմբի ստեղծման, գործունեության և «Արևագալ» տեսասկավառակի թողարկման մասին մանրամասն տեղեկություններ հաղորդեց երգչախմբի ղեկավար և հիմնադիր Բարեշնորհ Արթուր սարկավագ Վարդանյանը:

Միջոցառման ընթացքում ասմունքով և հոգևոր-ազգային երգերի կատարումներով հանդես եկան Ճեմարանի ասմունքի լսարանի և «Էջմիածին» երգչախմբի սաները:

Արարողությանը ներկա էին Ճեմարանի սաներ, դասախոսներ, Մայր Աթոռի միաբաններ և հյուրեր:

Շնորհանդեսը փակվեց Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով: