Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ 16.05.2017

Մայիսի 16-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադառնալով մայիսի 15-ին արցախաադրբեջանական սահմանին արձանագրված հերթական սադրանքին, հանդես եկավ հայտարարությամբ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Տեղեկանալով մայիսի 15-ին արցախաադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված սադրիչ գործողությունների մասին՝ մեր մտահոգությունն ենք արտահայտում և խստորեն դատապարտում կատարվածը։

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով հանգուցալուծելու՝ Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը, իրավիճակի շարունակական սրացումը և դրանց հետևանքով պատճառվող մարդկային կորուստները մեծապես վտանգում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը, նաև ձախողեցնում միջազգային հանրության ջանքերով սկզբնավորված բանակցային գործընթացը։

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, հավատարիմ մնալով իր խաղաղարար առաքելությանը, պիտի շարունակի ամենայն ջանք գործադրել հանուն հակամարտության խաղաղ կարգավորման, արցախաբնակ մեր զավակների անվտանգ և ապահով կյանքի»։