Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 09.03.2006

Տարվույս մարտի 7-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մասնակցությամբ Գերագույն Հոգեւոր Խորհրդի Հայաստանյան անդամների:

Ժողովում զեկույցով հանդես եկավ նաեւ Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազանը ներկայացրեց Վիրահայոց թեմում իրականացվող հովվական, հոգեւոր-քարոզչական ու եկեղեցաշինական գործունեությունը: Ի մասնավորի նշեց, որ այս տարի ծրագրվում է վերանորոգել Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եւ Սուրբ Էջմիածին եկեղեցիները, որոնց նախագծային աշխատանքներն ավարտական փուլում են: Սրբազան Հայրը ուրախությամբ արձանագրեց թեմում տիրող հոգեւոր վերաշխուժությունը` միաժամանակ ընդգծելով թեմում եւ հատկապես Ջավախքի Փոխառաջնորդությունում նոր եկեղեցականներ ունենալու անհրաժեշտությունը: Նա նաեւ անդրադարձավ, որ դեռեւս լուծում չեն ստացել Վրաստանի պետական իշխանություններին ներկայացված դիմումները` թեմին հանրային իրավունքի կարգավիճակ շնորհելու եւ հայոց պատմական վեց եկեղեցիները վերադարձնելու մասին: Սրբազանը հայտնեց, որ Վրաստանում շարունակվում են զանգվածային որոշ լրատվամիջոցներով հակահայկական բովանդակությամբ հրապարակումներն ու ելույթները, որոնք երկրում ստեղծում են անհանդուրժողության տրամադրություններ եւ լարվածություն:

Ի պատասխան Գերագույն Հոգեւոր Խորհրդի հարցումի` Վազգեն եպիսկոպոսը հաստատեց, որ Վրաց Ուղղափառ Եկեղեցու Սինոդը ս/թ. փետրվար 6-ի որոշմամբ «...պատմական իր թեմը վերականգնելու նպատակով» Տաշիր-Ագարակ անունով նոր թեմ է հռչակել` այն ենթարկելով Վրաստանի Դմանիսիի թեմի եպիսկոպոսի հոգեւոր իշխանությանը:

Գերագույն Հոգեւոր Խորհուրդը տարակուսանք հայտնեց նախ, որ Վրաց Ուղղափառ Եկեղեցին թեմի հռչակման մասին չի տեղեկացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, նկատի ունենալով, որ այն հաստատվում է Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջանում, եւ երկրորդ, որ Սինոդը նոր թեմ է հռչակում մի տարածքում, որտեղ Վրաց Եկեղեցին չունի հավատացյալներ, այն դեպքում, երբ Վրաստանում անտեսվում է Վիրահայոց թեմին իրավաբանական համարժեք կարգավիճակ շնորհելու եւ հայկական եկեղեցիները վերադարձնելու հարյուր հազարավոր հավատացյալ հայորդիների արդար իրավունքը:

Գերագույն Հոգեւոր Խորհուրդը գոհունակությամբ ու գնահատանքով ընդունեց Վիրահայոց թեմի Առաջնորդի ներկայացրած հանգամանալից զեկույցը, ինչպես նաեւ իրականացրած արդյունավոր առաքելությունը, եւ հորդորեց նույն նախանձախնդրությամբ շարունակել ջանքերը` ի պայծառություն Վիրահայոց թեմի եւ ի խնդիր հայ եւ վրաց ժողովուրդների ու եկեղեցիների եղբայրական դարավոր հարաբերությունների զորացման: