Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն ընդունել է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի»-ի հիմնադիր և նախագահին

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի» միջազգային պատվիրակությանը: Պատվիրակությունը գլխավորում էր «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի հիմնադիր և նախագահ պարոն Միլարդ Ֆուլերը: Նրանց ուղեկցում էր Ամերիկայի Հայոց Եկեղեցու (Արևելյան) թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վիգեն եպիսկոպոս Այքազյանը:

Վեհափառ Հայրապետն ողջունեց ԱՄՆ-ից, Եվրոպայից և Հայաստանից ժամանած հյուրերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն, գնահատանքով խոսեց նրանց կազմակերպության աստվածահաճո աշխատանքի մասին։ Վեհափառ Հայրապետը նշեց, որ ուշադրությամբ հետևել է կազմակերպության «Անօթևան ընտանիքների բնակարանային ապահովման» բազմաբնույթ աշխատանքներին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնեց նրանց առաքելությունը և հայտարարեց, որ Հայ եկեղեցին պատրաստ է աջակցել նրանց Հայաստանում և Արցախում ընտանիքներին մշտական բնակարան տրամադրելու իրենց նպատակի իրականացման գործում։

Պարոն Ֆուլլերը սիրով վերհիշեց, որ տարիներ առաջ Էջմիածնում հանդիպել էր երջանկահիշատակ Կաթողիկոս Վազգեն Ա-ին և նշեց, որ վաղուց է սպասել այս վերադարձի ուղևորությանը դեպի աշխարհի առաջին քրիստոնյա երկիր։ Պարոն Ֆուլլերը ներկայացրեց «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի»-ի գործունեությունը ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ ամբողջ աշխարհում, հատկապես Արևելյան Եվրոպայի երկրներում Խորհրդային Միության փլուզումից հետո:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի»-ի հայաստանյան մասնաճյուղն արդեն ավարտել է 50 տների կառուցումը և պատրաստվում է ընդլայնել իր գործունեությունը մոտ ապագայում: Կազմակերպությունը հիմնադրվել է 1976 թվականին Միլարդ և Լինդա Ֆուլերների կողմից՝ ԱՄՆ Ջորջիա նահանգում։