Գարեգին Բ կաթողիկոս. «Նոր էջ է բացվում Գեւորգյան ճեմարանի պատմության մեջ»
Գեւորգյան հոգեւոր ճեմարանում սկսվեց նոր ուսումնական տարին
Սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ 2002-2003թ.թ. ուս. տարվա բացման հանդիսավոր արարողությունը:
Ուսումնական այս տարին Գեւորգյան ճեմարանը սկսում է նոր կարգավիճակով: Ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող բարձրագույն հոգեւոր ճեմարանը ՀՀ կառավարության որոշմամբ ճանաչվել է իբրեւ բարձրագույն ուսումնական հաստատություն` նոր հորիզոններ բացելով կրթօջախի առջեւ:
Արարողության ընթացքում «Էջմիածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո հանդիսավորապես ներս բերվեց ու ընթերցվեց Հայրապետական սրբատառ կոնդակը` հրապարակված ճեմարանի բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ ստանալու առիթով:
Ինչպես նշված է Հայրապետական Կոնդակում, կառավարության հրամանագիրը «Հայոց Պետության արժանի գնահատականն է ժողովրդի հոգեւոր կրթության, գիտության ու մշակույթի ասպարեզներում Գեւորգյան հոգեւոր ճեմարանի բերած անփոխարինելի ավանդի ու վաստակի, մեր ժամանակներում օրավուր նորոգվող ու ընդարձակվող գործունեության եւ ներկա գիտա-կրթական ու հոգեւոր ներուժի», որով նոր էջ է բացվում Գեւորգյան հոգեւոր ճեմարանի պատմութեան մեջ:
Հայրապետական սրբատառ կոնդակը հաստատում է հայ ժողովրդին ծանոթ ու սիրելի կրթօջախի` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան պաշտոնական անվանումը` աղոթքով ու օրհնությամբ հիշատակելով ինչպես կրթօջախի հիմնադիր Գեւորգ Դ կաթողիկոսին, այնպես էլ հոգեւոր ուսումնական գործը շարունակող ու զորացնող երանելի հայրապետներին, երջանկահիշատակ բարերարներին եւ ուսման մշակներին, որոնց նվիրյալ ծառայությամբ նաեւ իբրեւ բարձրագույն հաստատություն կայացավ Մայր Աթոռի կրթօջախը:
Սրբատառ կոնդակի ընթերցումից հետո երախտիքի խոսք ասաց ճեմարանի տեսուչ Տ. Եղիշե ավ. քհն. Սարգսյանը:
Ապա ճեմարանականներին ու դասախոսական կազմին շնորհավորանքի ու օրհնության խոսք ուղղեց Հայոց Հայրապետը` մաղթելով, որպեսզի հայ եկեղեցու ապագա սպասավորները կարողանան «իրապես լինել Տիրոջ հոտի առաջնորդության ընտրյալները եւ կարողանան գիտելիքի հետ հավատ ու սեր փոխանցել ժողովրդի զավակներին, արժեքներ, որոնցով ապրել, գոյատեւել ու պիտի հարատեւի հայ ժողովուրդը»:
Այս խնդիրներով պետք է առաջնորդվեն Գեւորգյան ճեմարանի սաները, որոնց թիվը նոր ուսումնական տարում հասնում է 124-ի: Նրանցից 31-ը առաջին լսարանցի է: նրանց շարքերը կհամալրեն նաեւ ուսանողներ Եգիպտոսից ու Հարավային Ռուսաստանից:
Բացման հանդիսությունն ավարտվեց Տերունական աղոթքով եւ «Պահպանիչ»-ով: