Գարեգին Բ Կաթողիկոս. «Անհանգստությունից փարատված չեն մեր հոգիները...»

Միջկրոնական խաղաղարարական ներկայացուցչական ժողովը` Մոսկվայում

Մարտի 2-ի առավոտյան ՌԴ մայրաքաղաքում` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Բ-ի նախագահությամբ իր աշխատանքներն սկսեց ԱՊՀ երկրների երկրորդ միջկրոնական խաղաղարարական ներկայացուցչական ժողովը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որն իր մասնակցությունն է բերում ժողովին, առաջին նիստի ընթացքում իր ողջույնի խոսքն ուղղեց մասնակիցներին: Նորին Սրբությունը բարձր գնահատեց Ալեքսի Բ Պատրիարքի նախաձեռնությունն ու համաժողովի գումարմանն ուղղված ջանքերը, մեծապես կարեւորեց ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի ստեղծումը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես անդրադարձավ ԱՊՀ երկրների առջեւ ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին եւ նրանց հաղթահարման ուղիներին:

«Այսօր կրոնական կյանքի ազատությունն ունենք, վերարթնություն է ապրում հավատը մարդկանց սրտերում: Սակայն անհանգստությունից փարատված չեն մեր հոգիները, քանզի վտանգված ենք տեսնում հոգեւոր հավիտենական ու համամարդկային այն արժեքները, որոնց հիմքի վրա միայն կարող են բարձրանալ ու ամուր լինել հասարակական կյանքի եւ ազգերի ու պետությունների նոր հարաբերությունները: Մենք ականատես ենք բարքերի անկման, հասարակության բեւեռացման, տոտալիտար աղանդների քայքայիչ գործունեության, ականատես ենք մոլուցքների տարածման, բռնարարքների ու ահաբեկչության: Վերհիշելով վերջին ժամանակների ահաբեկչական գործողությունները իրենց ողբերգական հետեւանքներով, մեզանից յուրաքանչյուրը կարող է հաստատել, որ դա չէ ձգտումն ու երազը մեր ժողովուրդների, ովքեր ուզում են ապրել ապահովության մեջ եւ ոչ` վախի ու սարսափի, ուզում են երջանիկ տեսնել իրենց ընտանիքները, շեն` իրենց հայրենիքը, ուզում են հավատով ու վստահությամբ նայել գալիքին: Այսօր մենք հավաքվել ենք մեր ժողովուրդների ու պետությունների կյանքում առավել ամրապնդելու խաղաղության, բարեկամության ու համագործակցության ճանապարհները, որ հաճելի են Աստծուն, որպեսզի զրահավորումները ոչ թե թնդանոթներն ու հրթիռները լինեն, այլ` Բարձրյալի շնորհներն ու օրհնությունը: Նույնն է մեր Արարիչը, նույն երկինքն է ամենքիս վերեւում, թեպետ միշտ չէ, որ մեր խնդրանքը բարձրանում է առ Աստված ուրիշի բարիքի համար:

Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է հարթված տեսնել իր մտահոգությունները, լուծված` իր դժվարությունները: Սակայն արդի դարի փոխշաղկապված իրականության մեջ դրանք` որքան էլ առանձնակի, հարաբերված են նաեւ, եւ բոլոր խնդիրները կարգավորումների պիտի առաջնորդվեն միայն խաղաղ ուղիներով, օրինականության, արդարության եւ իրավունքի հարգումով»,- նշեց Նորին Սրբությունն իր խոսքում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորեց հոգեւոր առաջնորդների մեծ առաքելությունը` իբրեւ «հոգեւոր արժեքների սերմնացանների», նշելով, որ հոգեւոր արժեքներով են արդյունավորվում ժողովուրդների բարի կամեցողությունն ու փոխվստահությունը: Միաժամանակ Հայոց Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց միջկրոնական համագործակցության հանդեպ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների դրսեւորած նախանձախնդրության համար:

Առաջին լիագումար նիստի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի կողմից ընթերցվեց նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձը:

ԱՊՀ երկրների երկրորդ միջկրոնական համաժողովին մասնակցում են համագործակցության երկրներից շուրջ 200 կրոնական` քրիստոնյա, հրեա, մահմեդական եւ բուդդիստ հոգեւոր առաջնորդներ ու պետական այրեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության կազմում են Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպս. Մարտիրոսյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քհն. Մելիքյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր եւ Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամ տիար Ռաֆայել Պապայանը, ՀՀ արտաքին գործոց նախարարի օգնական տիար Կարեն Նազարյանը եւ ԱԺ պատգամավոր տիար Լեւոն Մկրտչյանը: