Գարեգին Բ կաթողիկոսն օրհնեց ՀՀ զինված ուժերի մարտական դրոշը
Վեհափառ Հայրապետը ՀՀ եւ ԼՂՀ նախագահների հետ այցելեց Եռաբլուր
Հունվարի 28-ին` ՀՀ զինված ուժերի հիմնադրման օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այցելեց ՀՀ պաշտպանության նախարարություն` մասնակից լինելու նախարարությանը ՀՀ զինված ուժերի մարտական դրոշի հանձնման արարողությանը:
ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ զինված ուժերի մարտական դրոշը` իբրեւ խորհրդանիշ հայոց բանակի փառքի ու հաղթանակի, նախարարությանը հանձնվեց զինված ուժերի առաջին հոբելյանի` 10-ամյակի առիթով: Հանդիսավոր պայմաններում դրոշը հանձնվեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին:
Արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված զինված ուժերի համար եւ օրհնեց մարտական դրոշը:
Հանդիսության ավարտից հետո Վեհափառ Հայրապետն ու ՀՀ նախագահն իրենց շքախմբերով ուղղվեցին դեպի Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին եւ ծաղիկներ դնելու նրանց գերեզմաններին: Եռաբլուր էին ժամանել նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ եւ ԼՂՀ բարձրաստիճան պետական այրեր, զինվորականներ: Այցելուները կանգ առան անհայտ զինվորի եւ ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի գերեզմանների առջեւ` ուր Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց հայրենյաց պաշտպանության համար ընկած մարտիկների հոգիների խաղաղության համար: