Գարեգին Բ Կաթողիկոսն ու Զաքքա պատրիարքը այցելեցին Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հոկտեմբեր 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Անտիոքի եւ Համայն Արեւելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ. Մար Իգնատիոս Զաքքա Առաջինը այցելեցին Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի: Երկու Հայրապետների շքախմբում էին Հայ եւ Ասորի եկեղեցիների բարձրաստիճան հոգեւորականներ, որոնց ուղեկցությամբ երկու գահակալները Հրաշափառի երգեցողության ներքո մուտք գործեցին եկեղեցի` իրենց օրհնությունն ու պատգամը փոխանցելու ներկա ժողովրդին:
Հայոց Հայրապետը, հավատացյալ բազմությանը ներկայացնելով քույր եկեղեցու գահակալին, մասնավորապես նշեց. «Սիրիական Ասորական Ուղղափառ Եկեղեցու հետ 2000 տարիներ պաշտպանել ենք նույն հավատքը` հաճախ մարտիրոսանալով, հաճախ նահատակվելով մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի սիրույն համար: Այսօր առանձնակի բերկրանք ենք ապրում, որ 2000-ամյակ հետո մեր եկեղեցիները կրկին կապված են եղբայրական ջերմ սիրով, որ դրսեւորվում է ոչ միայն եկեղեցականաց մակարդակների վրա, այլ նաեւ մեր ժողովրդի հավատավոր զավակաց մեջ»:
Ասորի պատրիարքը, տեսնելով նորակառույց եկեղեցին, իր ուրախությունն ու գոհունակությունը հայտնեց: «Գոհություն ենք հայտնում Աստծուն, որն աջակից է մեր սիրեցյալ եղբորը: Հպարտ ենք Հայաստանյայց Առաքելական քույր Եկեղեցով` գլխավորությամբ Գարեգին Բ կաթողիկոսի», - ասաց նորին Սրբություն Զաքքա Պատրիարքը: