Գարեգին Բ Կաթողիկոսն իր օրհնությունը տվեց մեծատաղանդ երգչուհի Իզաբել Բայրաքդարյանին
Ապրիլի 19-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մետրոպոլիտեն» օպերայի մենակատար, կանադահայ աշխարհահռչակ երգչուհի Իզաբել Բայրաքդարյանին:
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը տվեց մեծատաղանդ երգչուհուն` իր գնահատանքը հաղորդելով նրան հայ եկեղեցական երաժշտությունն աշխարհի տարբեր բեմերից հնչեցենելու համար:
«Հաճելի է տեսնել ճանաչում եւ հռչակ ունեցող հայուհու, որն իր քայլերն է ուղղել դեպի իր հայրենիքը` իր սերն ու նվիրումը բերելով Հայաստան աշխարհին ու Մայր Եկեղեցուն` Սրբություն Սրբոց Ս. Էջմիածնին: Դուք Ձեր գործունեությամբ եւ անդուլ աշխատանքի շնորհիվ գալիս եք հռչակը հավելելու մեր ազգի, պանծացնելու ինչպես Ձեր անունը, այնպես էլ մեր ազգի»,-նշեց Նորին Սրբությունը:
«Վեհափա°ռ Տեր, հոգուս եւ սրտիս սնունդն է հայ հոգեւոր երաժշտությունը, քանզի անկարելի է ապրել առանց հավատքի, եւ այն բոլոր շնորհները, որ Աստված ինձ պարգեւել է, պիտի ի սպաս դնեմ հանուն մեր հայրենիքի եւ մեր սուրբ եկեղեցու»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` հավաստեց Իզաբել Բայրաքդարյանը: